ԵՄ երկրներում ապաստան ստանալ ձգտող Հայաստանի քաղաքացիների թիվը կրճատվել է։ Այս մասին դեկտեմբերի 15-ին կայացած քննարկման ժամանակ հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա պարզաբանեց, որ դա կապված է ԵՄ քաղաքականության խստացման հետ։
«Բացի այդ, ուժի մեջ է մտել Հայաստանի բնակչության իրազեկման գործընթացը, որպեսզի մարդիկ ապաստանի հետ կապված սխալ պատկերացում չունենան։ Հայրենադարձման համաձայնագրի շրջանակներում պարբերաբար չարտերային թռիչքներ են իրականացվում ԵՄ երկրներից՝ այնտեղ անօրինական գտնվող քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար։ Այդ քաղաքացիների մեծ մասն ապրում է Գերմանիայում»,- ասաց Արմեն Ղազարյանը։
Պաշտոնյան ընդգծեց, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 15-րդ հոդվածում ասվում է, որ եթե անվտանգ միգրացիայի կազմակերպման հիմնական պայմանները կատարվեն, ապա հնարավոր կլինի խոսել վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մասին։
«Այս առումով շատ կարեւոր է նաեւ ամբողջական անցումը կենսաչափական անձնագրերի»,- պարզաբանեց միգրացիոն ծառայության ղեկավարը։
Նա հիշեցրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը եւ երկու մասից բաղկացած ճանապարհային քարտեզի առկայությունը։
«10 կետից ամբողջությամբ կատարվել է մեկը, որը վերաբերում է հայրենադարձության համաձայնագրի շրջանակներում էլեկտրոնային համակարգի ներդրմանը»,- եզրափակեց Ղազարյանը։



























