Տեղի ունեցած համայնքային ընտրությունների արդյունքում՝ հաշվեհարդարի սպառնալիքներով, գործի դնելով կամակատար դարձած իրավապահ համակարգը, իշխող վարչակազմը, նենգափոխելով ժողովրդի կամարտահայտությունը, ամբողջությամբ զավթել է իշխանությունը տեղերում: Այս մասին ասված է մի շարք կուսակցությունների տարածած համատեղ հայտարարությունում, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Սա ոչ այլ ինչ է, քան մեկ անձի ավտորիտար ռեժիմի հաստատման գործընթացի նոր աղաղակող փուլ։
Վարդենիսում, Ախուրյանում, Թալինում, Վանաձորում, Գորիսում, Քաջարանում, Գյումրիում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և այլ համայնքներում կատարվող ապօրինի ձերբակալությունները, բռնաճնշումներն ու սպառնալիքները ոչ միայն ժողովրդավարության և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներ են, այլ նաև հետապնդում են հստակ նպատակներ՝ գողանալ ժողովրդի վստահության քվեն, լռեցնել Հայաստանը կործանման տանող՝ մեկ անձի քաղաքականությանը ընդդիմացող գործիչներին և ոչնչացնել տեղերում դիմադրության օջախները: Նպատակը մեկն է՝ ձերբակալել բոլոր այն անձանց, ովքեր դիմադրելով հակապետական իշխանություններին՝ փորձում են կանգնեցնել պետության կործանման գործընթացը և խանգարել հայրենավաճառ ծրագրերին:
Կեղծ ժողովրդավարության կարգախոսով իշխանության եկած ուժը միջազգային հանրության աչքի առաջ, Հայաստանում դիվանագիտական ներկայություն ունեցող և ժողովրդավարական արժեքները դավանող միջազգային կազմակերպությունների և երկրների լռելայն համաձայնությամբ, գործադրում է հակաժողովրդավարան մեթոդներ ու անթաքույց հաստատում բռնատիրություն:
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ընտրված քաղաքապետերին, ավագանու անդամներին և քաղաքական գործունեության համար կալանավորված անձանց։
Թույլ չենք տալու Հայաստանի Հանրապետությունում բռնապետական կարգերի հաստատում:
Սույն հայտարարությունը բաց է միանալու համար»։
Հայտարարությանն այս պահի դրությամբ միացել են հետեւյալ կուսակցությունները.
Ազատություն կուսակցություն
Ազգային Անվտանգություն Կուսակցություն
Ազգային Ժողովրդավարական Միություն
Երկիր Ծիրանի Կուսակցություն
«Զարթոնք» Ազգային-Քրիստոնեական Կուսակցություն
Ժողովրդավարական Ուղի կուսակցություն
«Համերաշխություն» Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն
Հայաստանի Հանրապետական Կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
«Մեկ Հայաստան» Կուսակցություն
«Վերածնվող Հայաստան» Կուսակցություն
Քրիստնեա-Դեմոկրատական Կուսակցություն



























