Կասկադի հարթակից մայիսի 28-ին իրեն ցած նետած եւ ինքնասպան եղած 16-ամյա աղջկա թաղումից հետո, նրա եղբայր Վիգենը եւս Թալինում ինքնասպանության փորձ է արել, որը, սակայն, կանխվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը, հավելելով, որ գործը գտնվում է նախաքննության փուլում: Այլ մանրամասներ նա չնշեց:
Դատաբժշկական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն արդեն պատրաստ են եւ ուղարկվել են ոստիկանություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 28-ի երեկոյան ժամը 22:30-ին Կասկադի վերեւի հատվածից, Երեւանի խորհրդանիշի հարեւանությամբ գտնվող Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիրի դիտահարթակից, ցած է նետվել 16-ամյա Տաթեւիկ Սերոբյանը եւ տեղում մահացել: Պարզվել է, որ ինքնասպան աղջիկը վերջերս է վերադարձել Ռուսատանից` անձնագիր ստանալու համար: Ինքնասպանություն գործելուց առաջ աղջիկը հարթակի երկու կողմերում է թողել բջջային հեռախոսն ու դրամապանակը, որի մեջ եղել է 6 հազար ՌԴ ռուբլի: Ինքնասպանության փաստի վերաբերյալ Արաբկիրի բաժնում ի թիվս այլ վարկածների, քննարկվում է վարկած, ըստ որի նրա եղբայրը քրոջ վրա «ղումար է խաղացել»:
Կա նաեւ վարկած, որ Վիգենի 16-ամյա քրոջ ինքնասպանությունը կապ ունի Վիգեն Գասպարյանի պարտքային խնդիրների հետ: Աբովյանցիները չէին բացառել, որ հնարավոր է, որ Տաթեւիկի նկատմամբ սեռական ոտնձգություններ էլ կատարած լինեն: Ի դեպ, նշենք, որ նրանք նույն մորից են, բայց տարբեր հորից:



























