Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն` իր առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի եւ Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ, այսօր` հուլիսի 13-ին, ծանոթացել է Ավանի Աճառյան 18-22 շենքերի բակում կատարված աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այստեղ բոլորովին վերջերս տեղադրվել են նստարաններ, աղբամաններ եւ զրուցարան, տարածքը բարեկարգվել ու ասֆալտապատվել է: Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքից` Կարեն Կարապետյանը հանձնարարել է վարչական շրջանի ղեկավարին մշակել եւ ներկայացնել տարածքում ոռոգման ցանցի անցկացման եւ թեք տանիք ունեցող շենքերի կտուրների նորոգման ծրագիր: Քաղաքապետը խոստացել է համատիրությանը նվիրել խոտ հնձող ժամանակակից սարքավորում: Կարեն Կարապետյանին գոհացրել են նաեւ Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանում գտնվող «Ընտանիքի այգում» կատարված աշխատանքները, ինչպես նաեւ համատիրության վարձավճարների հավաքագրման ցուցանիշը, որն այստեղ կազմել է շուրջ 85 տոկոս: Քաղաքապետը որոշակի հանձնարարականներ է տվել բոստանային տարածքները ցանկապատերից ազատելու եւ բակն ավելի ընդլայնելու եւ ամբողջական տեսքի բերելու համար: Քաղաքապետի աչքից չի վրիպել նաեւ Նարեկացի թաղամասի 32-ից 37 շենքերի բարեկարգ բակը,«Սայաթ-Նովա», «Իսահակյան» թաղամասերը: Նա համատիրության նախագահին եւ բնակիչներին շնորհակալություն է հայտնել հոգատար վերաբերմունքի համար եւ խոստացել նվիրել նոր խոտհնձիչներ եւ բակի բարեկարգման ու խնամքի համար անհրաժեշտ այլ սարքավորումներ:
Ավան վարչական շրջան կատարած շրջայցից հետո վարչական շրջանի աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների համար, ընդգծել է, որ աղբահանության եւ կանաչապատման ուղղությամբ վարչական շրջանում կատարված աշխատանքներն իրավամբ պետք է օրինակելի դառնան մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների համար:




























