Առաջիկա 5-10 տարիներին էլ. փոստը կվերանա, ինչպես այսօր արդեն գրեթե իրեն սպառել է ավանդական փոստային ծառայությունը։ Նման կարծիք հայտնեց ABBYY ընկերության փոխնախագահ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ Արամ Փախչանյանը՝ հուլիսի 13-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հրավիրված վարպետության դասի ժամանակ։ Նրա խոսքով՝ էլեկտրոնային փոստին կփոխարինեն սոցիալական ցանցերը, որոնց միջոցով կարելի է ավելի արագ գտնել անհրաժեշտ մարդուն։

«Կարեւոր եւ գործնական նամակների ստացումը էլ. փոստի միջոցով գնալով քչանում է, ստացվող սպամների թիվն ավելանում, իսկ ընկերների եւ ծանոթների հետ հաղորդակցությունն այսօր արդեն գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է սոցցանցեր»,-ասաց Ա. Փախչանյանը՝ նշելով, որ  առաջիկայում կստեղծվեն նոր սոցիալական ցանցեր, իսկ արդեն գործողներն էլ ավելի լայն կիրառություն կգտնեն ու էլեկտրոնային փոստի կիրառությունը դուրս կգա գործածությունից։   

Ա. Փախչանյանը նշեց նաեւ, որ առաջիկա տարիներին ինտերնետի արագությունը մի քանի անգամ կավելանա, իսկ մարդիկ իրենց տեղեկատվությունը կպահեն ոչ թե համակարգչում, այլ ինտերնետում, որն ավելի հարմար է թե’ հուսալիության եւ թե’ հասանելիության առումով։ Բացի այդ, փորձագետի խոսքով՝ մոտակա տարիներին համակարգիչներին կփոխարինեն շարժական սարքերը՝ Post PC-ները, մարդիկ այլեւս համակարգիչ չեն գնի՝ նախապատվությունը կտան նեթբուքերին,  iPad-ներին, iPhone-ներին  եւ այլն։ 

Տեղեկացնենք, որ Արամ Փախչանյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ է, AIIM միջազգային ասոցիացիայի հավաստագրված դասընթացավար։ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնողներից է, հոգաբարձուների խորհրդի անդամ: Ծնվել եւ մեծացել է Երեւանում: Ավարտել է Երեւանի Ֆիզմաթ դպրոցը, ապա` Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական ինստիտուտը: Ա. Փախչանյանը աշխարհահռչակ ABBYY ընկերության փոխնախագահն է, բնակվում եւ աշխատում է Մոսկվայում:

Նշենք, որ ABBYY-ն հայտնի է իր FineReader Lingvo ծրագրերով: Ներկայումս  ABBYY-ն ունի 1000-ից ավելի աշխատակիցներ եւ գրասենյակներ աշխարհի բազմաթիվ երկրներում։