ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հուլիսի 13-ին մի շարք փաստաթղթեր են ստորագրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Վաշինգտոն եռօրյա այցի շրջանակում:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ստորագրվել է երեխաների որդեգրման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր, ինչպես նաեւ 1994թ հունվարի 14-ին երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրված ճառագայթային ներգործության ուսումնասիրության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում փոփոխությունների մասին արձանագրություն: Լավրովն ու Քլինթոնը մտքեր են փոխանակել նաեւ միջպետական ընթացակարգերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են  երկու երկրների կառավարությունների միջեւ 2000թ. ստորագրված ` պաշտպանական նպատակների համար ոչ անհրաժեշտ պլուտոնիումի ուտիլիզացիայի,  ինչպես նաեւ այդ ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար:

Երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը հայտարարել է, որ հակահրթիռային համակարգերի ստեղծման պարագայում ԱՄՆ-ը պատրաստ է հաշվի առնել թե Ռուսաստանի, թե Եվրոպայի շահերը. «Նման համակարգերի ստեղծման դեպքում մենք հաշվի կառնենք Ռուսաստանի եւ Եվրոպայի շահերը ու կշարունակենք համագործակցության վերաբերյալ երկխոսությունը ռուսաստանցի գործընկերների հետ: Մենք կփորձենք տալ ռուսաստանցիներին հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- ըստ «ՌԻԱ Նովոստիի»` ասել է Քլինթոնը:

Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին նշել է, որ նախագահ Բարաք Օբաման հավաստիացրել է, որ ԱՄՆ –ը հակահրթիռային պաշտպանության հարցերով պատրաստ է Ռուսաստանի հետ բաց երկխոսության: