Հնդկաստանի Մումբաի քաղաքում ահաբեկչության արդյունքում 21 մարդ զոհվել, առնվազն 141 մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «France-Presse»-ը, բոլոր տուժողներն ուղարկվել են քաղաքի հիվանդանոցներ:
Հաղորդվում է, որ այլ ահաբեկչությունների սպառնալիքի վերաբերյալ տեղեկատվություն դեռեւս չի ստացվել: «Մումբաիում հայտարարվել է տագնապի բարձր մակարդակ: Ես կոչ եմ անում երկրի քաղաքացիներին պահպանել հանգստությունը եւ որեւէ ագրեսիվ գործողություն չձեռնարկել»,-ասել է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Պալանյապան Չիդամբարամը` նշելով, որ երկու ժամը մեկ հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: Ոստիկանությունը ենթադրում է, որ պայթյունները կազմակերպել են իսլամիստ արմատական խմբավորումները:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Մումբաիում հուլիսի 13-ի երեկոյան երեք պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում վնասվել են օպերայի շենքը եւ հարակից տները:



























