Covid-19-ի մեկ դեպքը Վիետնամի հետ Չինաստանի սահմանային քաղաքի մեկուսացման պատճառ է դարձել։ Բնակիչները պետք է մնան տանը, հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցված է։
Չինաստանը իր սահմաններում եւ նավահանգիստներում մեծացրել է զգոնությունը Covid-19-ի հանդեպ, որպեսզի կանխի վիրուսի մուտքը արտասահմանյան աղբյուրներից։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջին երեք ամիսների ընթացքում մի քանի փոքր սահմանային քաղաքներ տուժել են բռնկումներից:
Չինաստանի Գուանսի ինքնավար շրջանի ավելի քան 200 000 բնակչություն ունեցող Դունսին քաղաքի իշխանությունները պահանջել են, որ բոլոր բնակիչները չորեքշաբթի օրվանից մնան տանը եւ առանց անհրաժեշտության դուրս չգան փողոց, հայտնում է CCTV պետական հեռուստաալիքը:
Այս միջոցները ձեռնարկվել են այն բանից հետո, երբ Դունսինում պլանային թեստավորման ժամանակ մեկ դեպք է հայտնաբերվել:
CCTVի տվյալներով՝ քաղաքը նաեւ դադարեցրել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, փակել է բոլոր զբոսաշրջային օբյեկտները, կինոթատրոնները եւ զվարճանքի այլ վայրերը, ինչպես նաեւ կրճատել է առկա դասերը տարրական, միջնակարգ դպրոցներում եւ մանկապարտեզներում:





























