Քաղաքային տնտեսության մեջ բոլոր խնդիրները կարեւոր են ու առաջնահերթ. ե’ւ մանկապարտեզների հարցը, ե’ւ աղբահանության, ե’ւ ճանապարհների նորոգման: Այս մասին այսօր` հուլիսի 14-ին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` Հայաստանում գործող միջազգային կապիտալով միջին եւ խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: «Չեմ տեսնում որեւէ ոլորտ կամ որեւէ հարց, որը կարող է ածանցյալ լինել: Երեւանի քաղաքապետարանն այսօր բազմաթիվ ծրագրեր է իրականացնում քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քաղաքապետը հյուրերին է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը. Խոսելով քաղաքապետարան, վարչական շրջաններ, համատիրություն եռաստիճան կառավարման համակարգի մասին, քաղաքապետը նշել է, որ այստեղ կարեւորագույն օղակ է հանդիսանում նաեւ քաղաքացին. «Եթե մենք չկարողանանք արթնացնել երեւանցու մեջ սեփականատիրոջ զգացումը, որ սա իր քաղաքն է եւ քաղաքում ինչ-որ կատարվում է` առնչվում է իր հետ, մենք կլինենք շատ ավելի պակաս արդյունավետ»,- նշել է քաղաքապետը:

Մասնակիցների այն հարցին, թե ինչպիսի՞ն է ուզում տեսնել Երեւանը, քաղաքապետը պատասխանել է. «Ինձ հաճախ են հարցնում, թե որ քաղաքի նման կցանկանայիք լիներ Երեւանը: Պատասխանը միանշանակ է` Երեւանի նման: Որովհետեւ Երեւանը իր յուրահատկությունն ունի, իր էներգետիկան, իր համն ու հոտը: Միեւնույն ժամանակ Երեւանը պետք է լինի նաեւ ժամանակակից ու հարմարավետ քաղաք, ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի համար»,- նշել է քաղաքապետը: