Իշխանությունները գլխի են ընկել, որ այլ բան չունեն անելու եւ համաձայնել են Հայ ազգային կոնգերեսի հետ երկխոսության գնալ: Այս մասին հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը` խոսելով երկխոսությունից իր ակնկալիքների մասին:
«Որ բնագավառի մասին փորձենք խոսել` այդտեղ խնդիրներ կտեսնենք` արտաքին քաղաքականություն, սոցիալական-տնտեսական ոլորտ, մշակույթ…ամեն հարցում գնում ենք կործանման»,-հայտարարեց Ասատրյանը: Նա նշեց, որ իշխանությունը, որն ունի պատասխանատվության որոշակի զգացում, ուզում է հրաժարվել «մեր դեմ խաղ չկա»-ի սկզբունքից, որը հաստատել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ՀԱԿ-իշխանություն երկխոսության արդյունքում, ըստ ԿԲ նախկին նախագահի, էապես կառողջանա հասարակական մթնոլորտը, կվերանա իշխանություն-հասարակություն անջրպետը եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ու համակիրներն այլեւս չեն ընկալվի որպես թշնամիներ ու նրանց չեն նետի բանտեր կամ չեն ազատի աշխատանքից:
Խոսելով արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀԱԿ-ի պահանջի մասին` Կոնգրեսի ներկայացուցիչն ասաց, որ այդ պահանջի բավարարումը կլինի խելամիտ քայլ իշխանության կողմից: «Որովհետեւ այս ձեւով ընտրված իշխանությունն արժեք չի ներկայացնում, անգործունյա է, այն է, ինչ որ կա: Կարծում եմ, որ ճիշտ կլինի ժամ շուտ անցկացնել արտահերթ ընտրությունները»,-նկատեց Ասատրյանը` հավելելով, որ մեկ օր շուտ օրինական իշխանություն ունենալուց շահելու է առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը:
«Այդ դեպքում ինչ-որ մի գործակալություն կամ ամսագիր (նկատի ունի «Ֆորբսին», որը Հայաստանն աշխարհի ամենավատ տնտեսությունների ցանկում երկրորդն է-NEWS.am) չի դնի ու ասի` դու ամենավատ երկիրն ես»,-ասաց ՀԱԿ ներկայացուցիչը` նկատելով, թե Հայաստանի ոչ մի պաշտոնյայի մտքով չանցավ դատի տալ այդ ամսագրին` դիցուք, ոչ ճիշտ տեղեկություն հրապարակելու համար:




























