Նոյեմբերյան էմոցիոնալ փուլից հետո իմ տեսակետը մնում է այն, որ կառավարման խորհրդարանական համակարգը պետք է չփոխվի, չնայած բոլորը չեն, որ այդպես են կարծում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ դեկտեմբերին որոշում է կայացվել՝ ձեւավորել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական նոր հանձնաժողով։
Փաշինյանի՝ այսօրվա առցանց մամուլի ասուլիսի ընթացքում հարց է ուղղվել նաեւ, թե Սահմանադրության մեջ ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել եւ արդյոք դիտարկվո՞ւմ է կառավարման համակարգը փոխելու հարցը։
«Արդյոք դուք եւս ուզո՞ւմ եք ձեր հագով կոստյում կարել, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը, թե՞ կան ուրիշ խնդիրներ, մասնավորապես փորձելու է վերականգնել կիսանախագահական համակարգը եւ դառնալ նախագահ»,- նշվում էր հարցի մեջ։
Փաշինյանը նշեց, որ պատերազմից անմիջապես հետո քննադատություններ էին հնչում այն մասին, որ խորհրդարանական կառավարման համակարգն արդյունավետ չէր, եւ պետք է կիսանախագահական համակարգ լինի երկրում։ Ըստ նրա՝ այդ ժամանակ դա ճիշտ քննարկում է եղել.
«Հետո տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ մենք միջազգայնորեն ճանաչված ազատ, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարեցինք։ Երբ այս ամենը տեղի ունեցավ, արձանագրեցի՝ եթե Հայաստանում կիսանախագահական կամ նախագահական կառավարման ձեւ լիներ, ես հրաժարական տայի, արդեն չէի կարող ժողովրդին տված մանդատը վերադարձնել ժողովրդին, որովհետեւ, լինելով վարչապետ, ես երաշխավորեցի ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությունը. ինչ էլ ասեն, Միջազգայնորեն ընդունված, գնահատված փաստ է։ Այսօր մենք, որ միջազգային ասպարեզը գնում ենք, մեր միջազգային գործընկերները չեն թաքցնում իրենց հիացմունքը, որ մենք այդ պայմաններում ի վիճակի ենք եղել Հայաստանում իրականացնել ժողովրդավարական ազատ, արդար ընտրություններ։ Հիմա նոյեմբերյան էմոցիոնալ փուլից հետո իմ տեսակետը մնում է այն, որ կառավարման խորհրդարանական համակարգը պետք է չփոխվի, չնայած բոլորը չեն, որ այդպես են կարծում. Հանրապետության նախագահը, օրինակ, նախկինում էլ արտահայտվել է, 2 օր առաջ էլ խոսում էինք, ինքն ասում է, որ մնում է իր տեսակետին, որ պետք է փոխվի»։
Անդրադառնալով ԳՇ նախկին պետի՝ իր հրաժարականը պահանջելու մասին հայտարարությանը, եւ այդ օրերին ստեղծված իրավիճակին, վարչապետն ասաց. «ԳՇ պետի հայտնի հայտարարությունից հետո, երկրում ռազմական հեղաշրջման իրավիճակ էր, ռազմական դրության պայմաններում, երկրի ղեկավարը չի կարողանում արագ կադրային փոփոխություն անել։ Իհարկե ՍԴ-ն իր որոշումներով ամեն ինչ դրեց իր տեղը, բայց գուցե Սահմանադրության մեջ այսպիսի խնդիրներ կան, որ մենք պետք է զուտ կանոնակարգային առումով լուծենք»։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ առաջարկվում է սահմանադրական բարեփոխումների համար ստեղծել քաղաքական խորհուրդ եւ մասնագիտական հանձնաժողով. «Որ քաղաքական մարմինը պրոբլեմները, տեսակետները բացատրի, իսկ մասնագետները գան եւ այդ պրոբլեմների եւ հնարավոր լուծումների վերաբերյալ իրենց մասնագիտական գնահատականը տան եւ ասեն՝ կա այս եւ այս տարբերակը»։
Փաշինյանն ասաց, որ դատական համակարգի հետ կապված նույնպես խնդիրներ կան.
«Ասում ենք ու մեծ հաշվով չենք կարողանում լուծել։ Անընդհատ այդ դիլեմաների առաջ ենք, հանրության մի մասն անընդհատ կասկածում է, որ դատական համակարգը ծառայում է իշխանություններին, մի մասն էլ կասկածում է, որ դատական համակարգը ծառայում է ընդդիմությանը։ Ասում են՝ ասացիք, սենց բան պիտի անեք, ու մինչեւ հիմա չեք արել, դրա համար կա պատճառ, որովհետեւ մենք ինչ ուզում ենք անենք, ուզում ենք անենք օրինական, երկրորդն էլ ուզում ենք անել՝ չվնասելով Հայաստանի միջազգային ժողովրդավարական իմիջը։ Ցավոք սրտի, միշտ չի, որ հնարավոր է մեկ գործողությամբ բռնել ու լուծել։ Այդ պրոբլեմները կան։
Ոչ մի կոստյում, կոշիկ, գլխարկ կարելու մտադրություն չկա։ Կարծում եմ՝ եթե կոշիկ, գլխարկ, գլխարկ կարելու մտադրություն լիներ, 2021 թվականի գործընթացը չէր լինի։ Մենք գնացինք ժողովրդի առաջ կանգնեցինք, ասացինք՝ ժողովուրդ ջան, ոնց որոշեք, տենց էլ կլինի, եւ ժողովուրդը ոնց որոշեց, տենց էլ եղավ»։
Հարկ է նշել, որ Փաշինյանը վարչապետության տարիներին բազմիցս փոխել է իր տեսակետը կառավարման ձեւի վերաբերյալ։ Այսպիսով, 2020 թվականի հունվարին Կապանում հրավիրված ասուլիսում նա դեմ էր նախկին մոդելին վերադարձին, իսկ արդեն 2021 թվականի մարտի 1-ին իր համախոհների հանրահավաքում հնարավոր է համարել նման սցենարը:





























