Մենք տեսանք, թե 2021թ․ մայիսին դիվանագիտական փորձառությամբ մարդիկ ոնց պետության ողնաշարին թիկունքից խփեցին։ Այս մասին կայացած առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են դիվանագիտական փորձ չունեցող մարդիկ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսպանիայի նման կարեւոր երկրներում դեսպաններ նշանակվում, եթե ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը քննադատել է նախորդ իշխանություններին նման գործելաոճի համար։

«Ես 2018թ-ից հետո թե բուհական համակարգին, թե դիվանագիտական համակարգին 100%-անոց ազատություն եմ տվել, քաղաքական նշանակումներ չենք արել։ Բայց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հունիսի 20-ին թե 19-ին տեղի ունեցած հանրահավաքում արդեն դրոշակ էին բռնել, կանգնել։ Էն, ինչպես պահեց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները 2021թ․ մայիսին, դա խայտառակություն էր։ Երբ որ իրենք իրենց ձեռքով թղթեր էին բերում, զեկուցում՝ այ էս սեղանի շուրջ, նստած որոշումներ ենք կայացրել, հելել, ասել են՝ մենք կապ չունենք, տեղյակ չենք եղել։ Իսկ ո՞վ ա ասում, որ էս պահվածն անարձագանք էր մնալու, մենք էլ պետք է ասեինք՝ դե, տեղյակ չեք, տեղյակ չեք։ Մենք դեռ գնալու ենք էս հարցերի հետեւից»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ մայիսին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սուվերեն տարածք ներխուժումից հետո՝ մայիսի 20–ին Փաշինյանը հայտարարեց, որ կա դելիմիտացիայի մասին փաստաթուղթ, որն ինքը պատրաստվում է ստորագրել։ Դրա հաջորդ օրը արտգործնախարար Արա Այվազյանը հրաժարական տվեց, իսկ մամուլը գրեց, որ Այվազյանի հրաժարականի պատճառն այն է, որ նա տեղյակ չի եղել հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի փաստաթղթից։

Եթե նախքան իշխանության գալը Փաշինյանը քննադատում էր «բաջանաղապետությունը»՝ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով մարդկանց պաշտոններում նշանակելը, ապա ինչպե՞ս ու ինչո՞ւ է հիմա այդ սկզբունքը շարունակում կիրառվել։ Արձագանքելով այս հարցին՝ Փաշինյանը նկատեց․

«Ամեն նախարար, պատգամավոր ինչ-որ մեկի բաջանաղն են, բայց հարց է՝ դրա համա՞ր են նրանք նշանակվել։ Այս իրավիճակում հուսալիությունը շատ կարեւոր բան ա, բա մենք երկար ժամանակ պետական կառավարման համակարգում մարդիկ ունենանք, որ բարձրագոչ դիպլոմներով կառավարության դեմ աշխատե՞ն, ժողովրդի մանդատը ստացած ծրագրերի դեմ աշխատե՞ն ներսից։

Հայ-թուրքական կարգավորման մասին եք ասում, բա եթե մենք վստահ չլինե՞նք, որ բանագնաց ենք նշանակում, ով պիտի բանակցային սեղանի շուրջ հետապնդի այն նպատակը, որը կառավարությունը ժողովրդի առաջ ա դրել եւ մանդատ ստացել։ Նենց մարդ դնենք, գնա, գա, հետո ասի՝ ես տեղյակ չէի, էս դավադիր կառավարությունն ինձ ուղարկեց ժուլիեն ուտելու, էն էլ դավադրաբար Թուրքիայի ներկայացուցչի հետ բանակցությունների մեջ մտցրեց, ախր ես տեսել եմ էս ամեն ինչը»։

Փաշինյանը նաեւ ասաց՝ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանի դիվանագիտական ծառայությունում կան բազմաթիվ նվիրված, պրոֆեսիոնալ մարդիկ՝  պատասխանելով հարցին, թե ե՞րբ է պատրաստվում փոխել արտերկրի հայկական դեսպանատներում աշխատող «նախկին ռեժիմին հավատարիմ դիվանագետներին, որոնք հիմնականում կոռումպացված եւ հակահեղափոխական ուժերն ենեւ սաբոտաժի են ենթարկում իշխանության քաղաքականությունը  ու աշխատում են բացառապես իրենց անձնական շահի համար՝ սպասելով նախկինների վերադարձին»։

«Եթե այս մեկնաբանությունը ես չանեմ, այնպիսի տպավորություն կստեղծվի, որ մեր դեսպանատներում աշխատում են կոռումպացված եւ այլ բնութագրումներով մարդիկ։  Ես չեմ բացառում, որ այդ երեւույթները կան,  դրանք այս շենքում էլ կարող են լինել, բայց մենք երբեմն սենց քննարկման ազարտի մեջ մտնելո՝ շատ ենք թացը չորից տարբերում։ Ես ուզում եմ գնահատականի խոսք ասել մեր բազմաթիվ դեսպաններին ու դիվանագետներին, որոնք անմնացորդ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, անկախ նրանից, թե ով է եղել իշխանության։ Այսօր բազմաթիվ այդպիսի մարդիկ կան ԱԳՆ–ում, դիվանագիտական ծառայության մեջ, Զինված ուժերում, Ոստիկանությունում, քննչական մարմիններում,  դատական համակարգում։ Այո, կան բազմաթիվ դատավորներ, որոնք նվիրված են իրենց գործունեությանը»,– ասաց Նիկոլ Փաշինյանը՝ երախտագիտություն հայտնելով նաեւ այն նվիրյալներին,  որոնք 2020 թվականի նոյեմբերի 9–ից հետո,  երբ Հայաստանը կանգնած էր պետականությունը կորցնելու եզրին, շարունակել են աշխատել պետության համար՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից։