Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ Իսլամին նախագահական ընտրություններին մասնակցելու մասին որոշումը բացառապես Լիբիայի եւ նրա դատական համակարգի հարցն է։ Այս մասին կիրակի հայտնել է Լիբիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ստեֆանի Ուիլյամսը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Սեյֆ ալ Իսլամ Քադաֆիին որպես նախագահի թեկնածու առաջադրելու որոշումը միայն Լիբիայի հարցն է», - ասել է Ուիլյամսը, ում խոսքերը մեջբերել է լիբիական Afrigate news պորտալը: Նա հավելել է, որ «թեկնածուների [լեգիտիմության] մասնակցության որոշումը ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններին Լիբիայի ինքնիշխանության հարցն է, որը պատկանում է Լիբիայի դատական մարմինների իրավասությանը»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականն ընդգծել է, որ «Լիբիայի ինքնիշխան իրավունքը եւ Լիբիայի դատական համակարգի անկախությունը պետք է հարգվեն բոլորի կողմից՝ առանց բացառության»։
Դեկտեմբերի 22-ին Լիբիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է դեկտեմբերի 24-ին նշանակված ընտրությունները հետաձգելու մասին եւ առաջարկել է նոր նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացնել 2022 թվականի հունվարի 24-ին։ Ընտրական հանձնաժողովը նշել է, որ երկրում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նոր ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Լիբիայի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը)։



























