Իմ՝ նախագահ կամ վարչապետ դառնալը ինքնանպատակ չի կարող լինել, նման որոշումը կայացնում ես տվյալ պահի իրավիճակի գնահատմամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27- ին ասաց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով հարցին՝ եթե ժողովրդի ընդվզման արդյունքում նոր արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջանա, արդյոք ինքը կմասնակցի դրանց։

«Պետք է իրավիճակը գնահատես։ Ձեր հարցն ամբողջովին ենթադրությունների վրա է հիմնված։ Պետք է նաեւ գնահատեմ իմ շանսերը։ Հիմա չեմ կարող ասել ինչ կլինի, այո՝ մտել ենք պայքարի մեջ, անմնացորդ պետք է պայքարենք ու ձգտենք այս իշխանությունից ազատվել։ Ինքս վարչապետ կամ նախագահ դառնալ ինքնանպատակ չեմ համարում։ Իրավիճակը պետք է գնահատենք»,– ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ինքը կարող էր պայքարի մեջ մտնել նաեւ նոյեմբերի 9-ից հետո,բայց այն ժամանակ մտածել է, որ ճիշտ է դա անել խորհրդարանով։

«Այս դեպքում ոչ ոքի մոտ չպետք է ամբիցիայի հարց լինի։ Նախապայմանը պետք է լինի մեկը՝ այս իշխանությանը փոխարինողը պետք է լինի անզիջում պայքարող,  կենսագրություն ունեցող եւ ազգային շահը պաշտպանող անձ, կուլբիտներ չանի ոչ արտաքին քաղաքականությունում ոչ ներսում, եւ հանրությունը պետք է հասկանա, որ նա խոսքի տեր մարդ է, եւ այդպիսի մարդիկ Հայաստանում կան»,– ասաց Քոչարյանը։