Պետք չէ անտեսել թուրքական էքսպանսիայի սպառնալիքը հետխորհրդային տարածքում՝ այն անհիմն համարելով։ Այս մասին դեկտեմբերի 27-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ռուս քաղաքագետ, արեւելագետ եւ իրանագետ Կարինե Գեւորգյանը։
Նրա խոսքով` Անկարան իր արեւմտյան եւ ոչ միայն արեւմտյան հովանավորների աջակցությամբ նպատակաուղղված շարժվում է դեպի իր աշխարհաքաղաքական հավակնությունների իրագործումը:
«Ճիշտ է, 2018 թվականից ի վեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վատնում է ազգային ռեսուրսը, որը Թուրքիան կարողացել է կուտակել վերջին տասնհինգ տարիների ընթացքում։
Այնուամենայնիվ, այն ահռելի ուժ դարձավ, որն ուներ բրիտանացիների ակտիվ աջակցությունը: Մեծ Բրիտանիան թուրքական քաղաքականության օպերատորներից մեկն է, եւ, ի տարբերություն ուժային այլ կենտրոնների, Լոնդոնը գոնե ինչ-որ պրոյեկտ ունի։ Տվյալ դեպքում դա թուրքական նախագիծ է։ Մենք տեսնում ենք, որ «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» չինական նախագիծն ունիվերսալ չէ: Իսկ թուրքերը, բրիտանացիների առաջարկով, շատ ակտիվ են աշխատում»,- պարզաբանել է Գեւորգյանը։
Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախկին ԽՍՀՄ տարածքում զգալիորեն ավելի շատ թուրքական քոլեջներ կան, քան հենց Թուրքիայում։
«Հետխորհրդային թյուրքական երկրներում կրթության մակարդակն ավելի բարձր է, քան թուրք բնակչության շրջանում։ Դա ձեռք է բերվել, այդ թվում՝ թուրքական կրթական կենտրոնների միջոցով։ Այդ կենտրոններն ամենուր են, նույնիսկ` Ռուսաստանի այն մարզերում, որտեղ թուրքերը տիտղոսավոր բնակչություն չեն»,- ընդգծեց արեւելագետը։
Մեծ Բրիտանիայից բացի, ինչպես նշեց Գեւորգյանը, Թուրքիային իր ընդլայնման հարցում օգնում են ԱՄԷ-ն, Կատարը եւ նույնիսկ Ճապոնիան։
«Վերջինս, ըստ ամենայնի, ակնկալում է ապագայում Ռուսաստանի հիպոթետիկ թուլացման արդյունքում իրեն վերադարձնել «հյուսիսային տարածքները» եւ Սախալինը։ Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Անկարային իր հավակնություններն իրականացնելիս ֆինանսների պակաս չի սպառնում։ Դրան բավականաչափ կվճարեն։ Հիմա ճգնաժամից դուրս գալու համար Էրդողանին 50-80 միլիարդ դոլար է պետք։ Կարծում եմ, որ Էմիրությունները, Կատարը եւ այլ երկրներ այդ գումարը կտան Թուրքիային։ Իհարկե, այն շատ է վտանգում, քանի որ ինչ-որ պահի արջը կարող է դուրս գալ որջից։ Նկատի ունեմ Ռուսաստանին՝ իր նախագծով։ Իսկ դրա նախագիծը շատ ավելի գրավիչ է լինելու, քան տխրահռչակ «Մեծ Թուրանի» նախագիծը»,- նշեց քաղաքագետը։
Սակայն, ըստ փորձագետի, այդ դոնորներից մեկը դարձավ Չինաստանը, որը դեռ մինչեւ ղարաբաղյան պատերազմը 15 միլիարդ դոլար էր փոխանցել Էրդողանին, այդ թվում` այն բանի համար, որ Թուրքիայի նախագահը Սինցզյանից վերցրեց ույղուր զինյալներին՝ նրանց Սիրիա եւ Լիբիա տեղափոխելով։





























