2021 թվականի ֆինանսական առումով նշանակալի բնական աղետների տասնյակը ավելի քան 170 միլիարդ դոլարի վնաս է պատճառել, ինչը մոտ 20 միլիարդ դոլարով ավելի է, քան մեկ տարի առաջ: Ընդհանուր վնասի աճը մոտ 13 տոկոսով արտացոլում է կլիմայի տեխնածին փոփոխության ազդեցությունը, հայտարարել է բրիտանական մարդասիրական Christian Aid կազմակերպությունը:
Նրա տվյալներով՝ 2021 թվականին ամենամեծ ֆինանսական ազդեցությունն ունեցել է «Իդա» փոթորիկը, որը օգոստոսի վերջին հարվածել է ԱՄՆ-ի արեւելյան շրջաններին եւ ուժեղ ջրհեղեղներ է առաջացրել Նյու Յորքի տարածքում: Christian Aid-ը դրա պատճառված վնասը 65 մլրդ դոլար է գնահատում, հայտնում է DW-ն։
Երկրորդ տեղում Գերմանիայում եւ Բելգիայում հուլիսյան ջրհեղեղներն են՝ 43 մլրդ դոլար ընդհանուր վնասով։ Ցուցակում ներառված է նաեւ ԱՄՆ Տեխաս նահանգում սառնամանիքը եւ Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղը:
Կազմակերպությունը խոստովանել է, որ ցուցակում հիմնականում ընդգրկված են այն բնական աղետները, որոնք տեղի են ունեցել հարուստ երկրներում։ Աղքատ երկրներում բնական աղետների հասցրած ֆինանսական վնասը հաճախ դժվար է հաշվել, քանի որ ենթակառուցվածքներն ապահովագրված չեն, ասվում է զեկույցում:
Դեկտեմբերի կեսերին շվեյցարական Swiss Re-ի վերաապահովագրական կոնցեռնը 2021 թվականին բնական աղետներից համաշխարհային կորուստները գնահատել է 250 միլիարդ դոլար, հիշեցնում է AFP գործակալությունը։ 2020 թվականի համեմատ կորուստներն աճել են գրեթե մեկ քառորդով (24 տոկոս)։





























