Թուրքիան, Կատարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները կարող են եռակողմ ձեւով կառավարել Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, գրում է Daily Sabah-ը։

«Մինչ թալիբների իշխանության գալը մենք ՆԱՏՕ-ի շրջանակներում գլխավորում էինք Քաբուլի օդանավակայանի ռազմական թեւը։ Քաղաքացիական մասը ղեկավարում էր ԱՄԷ-ից մի ընկերություն»,- ասել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ ընկերությունն այնտեղ աշխատել է մոտ մեկուկես տարի։

«Թալիբների վարչակազմը հայտարարել է, որ առաջարկներ կստանա տարբեր երկրներից... Մենք համաձայնագիր ենք կնքել Կատարի հետ»,- ընդգծել է նա՝ նկատի ունենալով օդանավակայանը շահագործելու Անկարայի եւ Դոհայի ջանքերը։ Վերջերս Թուրքիայի տեխնիկական պատվիրակությունն այցելել է Դոհա՝ կատարական կողմի հետ համաձայնեցման համար։ «Մեր ընկերները Դոհայում շարունակել են քննարկել, թե ինչ կարելի է անել, եթե համատեղ ընկերությունը (Կատարի եւ Թուրքիայի) իր վրա վերցնի օդանավակայանի շահագործումը»:

Սակայն նա ընդգծել է, որ Կատարն ու Թուրքիան դեռ համաձայնության չեն եկել թալիբների հետ։ «Դա նորմալ է, որ տարբեր երկրներ այս գործընթացի ժամանակ առաջարկություններ են անում։

Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմեդ բին Զաիդ Ալ Նահայանը անցյալ ամիս պաշտոնական այցով մեկնել էր Անկարա։ Չավուշօղլուն նշել է, որ այդ հարցը կարճ քննարկվել է հանդիպման շրջանակներում։ «Նրանք (ԱՄԷ-ն) ասել են, որ մենք կարող ենք կառավարել օդանավակայանը եռակողմ ձեւով»։

Նա հավելել է, որ կողմերից ոչ մեկը դեռ կոնկրետ առաջարկ չի արել համատեղ գործողության մասին՝ նշելով, որ քննարկումներ, ինպիսիք կայացել են Դոհայում, երկու երկրների միջեւ չեն եղել։