Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է Ռուսաստանի հետ լայնածավալ զինված հակամարտության, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը՝ Մոսկվայում հավատարմագրված ռազմական կցորդների եւ օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչների համար ճեպազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Դաշինքի ռազմական շինարարությունն ամբողջությամբ վերաուղղվել է Ռուսաստանի հետ լայնածավալ, բարձր ինտենսիվության զինված հակամարտության նախապատրաստմանը»,- ասել է Ֆոմինը։
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի վերջին տարիների դոկտրինային փաստաթղթերում, օրինակ, ՆԱՏՕ-ի 2019 թվականի ռազմական ռազմավարության մեջ Ռուսաստանի Դաշնությունն ուղղակիորեն «առանց որեւէ կասկածի մատնանշվում է որպես կոալիցիոն անվտանգությանը սպառնացող հիմնական աղբյուր»։ Միաժամանակ, Ֆոմինը նշել է, որ «Հռոմի հռչակագիրը դեռ ուժի մեջ է»։ «Դրանում, մասնավորապես, սահմանվում է, որ Ռուսաստանն ու դաշինքը միմյանց չեն դիտարկում որպես հակառակորդ։ Այս սահմանումը հաստատվել է 2010 թվականին Լիսաբոնում կայացած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գագաթաժողովում»,- ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը։
ՆԱՏՕ-ի ամենաէական ընդլայնումը դեպի արեւելք տեղի է ունեցել 2002 թվականին՝ Ռուսաստանի արեւմտյան սահմաններին դաշինքի ենթակառուցվածքի մոտեցման մի քանի ալիքների ընթացքում բլոկը զգալիորեն մեծացրել է իր մարտական ներուժը։ «2002 թվականին բանակցություններ սկսվեցին դաշինքում Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Ռումինիայի, Սլովակիայի եւ Սլովենիայի ընդգրկվելու շուրջ, որոնք 2004 թվականի մարտին նույնպես դարձան ՆԱՏՕ-ի անդամներ: Այս տարի ՆԱՏՕ-ի ամենամեծ ընդլայնման փուլն էր: Ընդ որում զգալիորեն աճեց արեւելյան թեւում բլոկի ներուժը»,- ասել է Ֆոմինը:
Նրա խոսքով՝ դաշինքի սահմանները ավելի քան հազար կիլոմետր շարժվել են դեպի արեւելք, ինչը նրան հնարավորություն է տվել օգտագործել ոչ ռազմավարական զենք՝ ռուսական տարածքում թիրախներին հարվածելու համար։ «Օրինակ, Էստոնիայի ավիաբազաներից Սանկտ Պետերբուրգ թռիչքի նվազագույն ժամանակը կրճատվել է մինչեւ մի քանի րոպե։ Միայն հրետանային համակարգերի ոչնչացման գոտում հայտնվել է Կալինինգրադի շրջանի մեծ մասը... Արեւելյան Եվրոպայի երկրների տարածքում զգալի թվով ենթակառուցվածքային օբյեկտներ փոխանցվել են ՆԱՏՕ-ի տրամադրությանը, ինչը ընդլայնել է զորքերի տեղակայման եւ տեղափոխման հնարավորությունները»,- ասել է Ֆոմինը։
Նա հավելել է, որ դաշինքի զինանոցում ավելացվել են Վարշավայի պայմանագրի նախկին երկրների մեծ թվով զենքեր, ռազմական տեխնիկա եւ մարդկային ռեսուրսներ։ «ՆԱՏՕ-ն մուտք է ստացել դեպի Բալթիկ եւ Սեւ ծովերի նոր նավահանգիստներ՝ ընդլայնելով դաշինքի ռազմածովային ուժերի օպերատիվ հնարավորությունները»,- նշել է Ֆոմինը։




























