Լոռիի մարզպետի պաշտոնից Արամ Քոչարյանի հրաժարականից հետո որպես նոր մարզպետի թեկնածուներ շրջանառվում են մի քանի անուններ: Պոտենցիալ մարզպետացուների թվում նշվում է նաեւ Ոստիկանության Լոռիի մարզի վարչության պետ Անուբախ Համբարյանի անունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, Համբարյանը հայտարարեց, թե իր` մարզպետի թեկնածու լինելու մասին լուրն առաջին անգամ է լսում:
«Որեւէ նման խոսակցություն կամ առաջարկ չի եղել»,-կտրուկ արձագանքեց Համբարյանը` հավելելով. «Ես ոստիկանության պետ եմ, շարունակում եմ իմ աշխատանքը»:
Հարցին, թե եթե իրեն առաջարկվի մարզպետի պաշտոնը, կհամաձայնի՞ ստանձնել այն, Լոռիի մարզի ոստիկանության պետը դարձյալ կտրուկ արձագանքեց. «Ես նմանատիպ հարցերի չեմ պատասխանում: Ես խնդրում եմ նմանատիպ հարցերով ինձ մի դիմեք»:
Նշենք, որ Լոռիի մարզպետ Արամ Քոչարյանը օրերս հրաժարական է տվել առողջական խնդիրներ ունենալու պատճառով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Քոչարյանը մարզպետի հավանական թեկնածուների մասին չի ցանկացել ոչինչ ասել: «Կարող է պատահի, ես արձակուրդից վերադառնում եմ առողջացած եւ Կառավարությունը ինձ ասում է` Դուք առողջ եք արդեն, միգուցե փոխեք ձեր միտքը»,- ասել է նա:



























