Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ եւ նրան համարել «հոգեկան հիվանդ»: Ինչպես հաղորդում է «France-Presse»-ը, Քադաֆին կարծում է, որ «Լիբիայի ժողովրդի դեմ խաչակրաց արշավանքը գլխավորող» Ֆրանսիայի նախագահի գործողությունները Ֆրանսիան ներքաշել են անիմաստ պատերազմի մեջ:
Ըստ Քադաֆիի` Սարկոզին «ռազմական հանցագործ է, ով արատավորել է ֆրանսիացի ժողովրդի պատմությունը»: Նա նաեւ հայտարարել է, թե հասել է վճռական մարտերի ժամանակը եւ իր կողմնակիցներին կոչ է արել պատրաստվել դեպի Բենգազի եւ Միսուրտա երթին, որոնք արդեն մի քանի ամիս է, ինչ վերահսկվում են ապստամբների կողմից:
Ինչպես հաղորդում է «Le Figaro»-ն, Ֆրանսիան ապստամբներին զենք էր մատակարարել Արեւմտյան լեռների տարածքում: Պաշտոնական Փարիզը, մեկնաբանելով այդ քայլը, նշել էր, որ զենքը նախատեսված է եղել բացառապես ինքնապաշտպանության համար:




























