Թալիբների գերագույն առաջնորդը զինյալներին հրահանգել է չպատժել Աֆղանստանի նախկին ռեժիմի անդամներին նախկին «հանցագործությունների համար» մի քանի օր անց այն բանից հետո, երբ բանակի հրամանատարին ծեծի ենթարկելու տեսանյութը տարածվեց սոցիալական ցանցերում, հաղորդել է AFP-ն:

Խմբավորման խոսնակ Մոհամմադ Նաիմի թվիթերյան հաղորդագրության մեջ նաեւ թալիբներին ուղղված կոչ կա՝ հետ պահել աֆղանցիներին երկիրը լքելուց:

«Մի պատժեք նախորդ ռեժիմի աշխատակիցներին նախկին հանցագործությունների համար», - ասել է մոլլա Խիբաթուլլահ Ախունդզադեն:

Թալիբանի ղեկավարը, ով տարիներ շարունակ հանդես չի եկել հանրության առաջ, ասել է, որ պետք է հետեւել օգոստոսին իսլամիստների իշխանության գալուց հետո հայտարարված համընդհանուր համաներմանը։

ՄԱԿ-ը, Amnesty International-ը եւ Human Rights Watch-ը մեղադրում են թալիբներին անվտանգության ուժերի եւ վարչակազմի տասնյակ նախկին պաշտոնյաների արտադատական ​​սպանությունների մեջ:

Թալիբները հայտնել են, որ զինյալը, ով տեսանյութում ծեծի է ենթարկում բանակի նախկին հրամանատարին, կպատժվի։ Սա հազվագյուտ պաշտոնական արձագանք է սոցիալական ցանցերում տասնյակ նմանատիպ եւ ավելի սարսափելի տեսանյութերին եւ պատկերներին, որոնք ցույց են տալիս թալիբների ակնհայտ դաժանությունը:

Հազարավոր աֆղանստանցիներ, հատկապես նրանք, ովքեր կապված են նախկին վարչակարգի հետ, հուսահատ լքում են երկիրը, սակայն Ախունդզադան ասել է, որ Թալիբանի պաշտոնյաները պետք է խրախուսեն նրանց մնալ: «Այլ երկրներում աֆղանստանցիներին չեն հարգում, ուստի ոչ մի աֆղանստանցի չպետք է հեռանա»: