ԱՄՆ-ը չի բացառում, որ վետո կդնի Պաղեստինի անկախության ճանաչման վրա: Ինչպես հաղորդում է Vesti-ն` վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, հուլիսի 14-ին Արաբական երկրների լիգայի կոմիտեի անդամները պաշտպանել են Պաղեստինի մտադրությունը` դիմել ՄԱԿ-ին` իր անկախությունը ճանաչելու հարցով (1967 թվականի սահմաններով եւ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով):
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տվյալներով, ԱՄՆ-ը, սակայն, նման նախաձեռնությունը ժամանակավրեպ է համարում եւ կոչ է անում Պաղեստինին կրկին Իսրայելի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին հայտարարել է, որ կազմակերպությունը ՄԱԿ-ում իր ներկայացուցիչներին կհանձնարարի «այդ ուղղությամբ, միջազգային իրավունքին համապատասխան անհրաժեշտ նախապատրաստական քայլեր ձեռնարկել եւ առավելագույն աջակցություն ապահովել Պաղեստինի անկախության պահանջին, ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այնպես էլ` Գլխավոր ասամբլեայում»:




























