Հատուկ քննչական ծառայությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել են ՀՔԾ-ից: Թամամյանի կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 18-ին: Նա անազատության մեջ է մարտի 24-ից: Երեկվա դրությամբ Կենտրոնի դատարանը միջնորդության քննության օր չէր նշանակել:
ՀՔԾ-ից թերթին հայտնել են, որ սույն գործով նախաքննության ժամկետը լրանում է սեպտեմբերի 10-ին, սակայն հնարավավոր է, որ մինչեւ այդ քննությունը չավարտվի, եւ նախաքննության ժամկետը նույնպես երկարաձգվի: Հ. Թամամյանը մեղադրվում է ՔՕ 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): ՀՔԾ-ից հայտնել են նաեւ, որ գործի շրջանակներում նոր ձերբակալվածներ չկան: Թամամյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում:



























