Դատարանի երեկվա որոշումը կանխակալ էր եւ ոչ օբյեկտիվ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Գրիգորյանը։

Ըստ Գրիգորյանի՝ տվյալ որոշումն անարդար էր։

«Չեմ ուզում բացել փակագծերը, բայց այս որոշումը միանշանակ քաղաքական ենթատեքստ ուներ։ Դատարանի վրա ճնշում է գործադրվել։ Այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք պայքարը։ Դա պահանջում է ժողովուրդը, ով պայքարելու է մինչեւ վերջ»,-ասաց թեկնածուն։

Գրիգորյանը չբացեց փակագծերը եւ չհայտնեց հետագա պայքարի մանրամասները, սակայն վստահեցրեց, որ կանեն ամեն ինչ, որպեսզի արդարությունն  ի վերջո հաղթի։

«Մենք դեմ չենք այլ ուժերի հետ համագործակցությանը, մենք պատրաստ ենք բանակցել եւ ապահովել համատեղ աշխատանք։ Բոլորին կոչ եմ անում կարգի բերել իրենց մտքերը եւ մասնակցել լուսավոր ապագայի կերտմանը։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի գյուղերում մեր հայրենակիցների կյանքն ավելի բարեկեցիկ լինի»,-ամփոփեց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։ Որոշումը վերջնական է, բողոքարկման ենթակա չէ եւ ուժի մեջ է մտել հրապարակման պահից։

Նշենք նաեւ, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է Ավագանու խորհրդում 10 մանդատ, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 9 մանդատ, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 2 մանդատ։

Նախ քաղաքապետի պաշտոնում առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, ով ընտրվել է 10 ձայնով։ «Ապրելու երկիր» կուսակցության պարզաբանմամբ՝ օրենքը թույլ է տալիս 40 տոկոսով ընտրել քաղաքապետի միակ թեկնածուին։

Ավելի ուշ «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածությունը պաշտպանած Ավագանու անդամները 11 ձայնով, այսինքն՝ 50%-ից ավելի ձայնով ընտրեցին նրան։

Արդյունքում ընտրված քաղաքապետ իրենց ճանաչեցին երկուսը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունից եւ «Դավիթ Մինասյան» դաշինքից։