Թերթն անդրադարձել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ «դատական ապօրինությունների» մասին Հայ ազգային կոնգրեսի հայտարարությանը, որում քննադատվում է նաեւ Հայաստանի ներկայիս վարչապետի գործունեությունը: «Ինչո՞վ է արժանացել վարչապետը ժամանակին երկրի տնտեսությունը հողին հավասարեցրած հհշական ակտիվի ցասմանը»,-հարց է ուղղում թերթն ու պատասխանում. «Ստիպված ենք մոռացկոտներին հիշեցնել, թե ինչ օրի էր հասել երկիրը նույն Բագրատյանի եւ Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին։ Հատկապես 1994-97թթ., երբ ՀՀՇ-ն որոշեց վերջնականապես ավերել հետպատերազմյան Հայաստանի տնտեսությունը եւ փայլուն լուծեց իր առջեւ դրված խնդիրը։ Արդյունքում, ինչպես ազնվորեն խոստովանեց Վանո Սիրադեղյանը, տնտեսությունը հայտնվեց ամբողջությամբ կաթվածահար վիճակում։ Փոքր եւ միջին բիզնես, գյուղատնտեսություն, որպես այդպիսին, գոյություն չուներ։
Արդյունաբերության մասին արդեն չենք խոսում։ Գործարանները թալանվել էին եւ որպես մետաղի ջարդոն արտահանվել Իրան։ Ինչ վերաբերում է հողի «սեփականաշնորհմանը», այդ մասին լավագույնս արտահայտվել է ինքը՝ Բագրատյանը, անկեղծության պահին ընդվզելով, թե՝ ոչ թե հողն ենք տվել գյուղացուն, այլ գյուղացուն հանձնել հողին»։




























