Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան նշել է երկրի 2022թ. գլխավոր նպատակները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Կիսիդայի խոսքով՝ իր կառավարության ամենագլխավոր գերակայությունը անցած տարվա հոկտեմբերին իշխանության գալու պահից պայքարն է կորոնավիրուսի դեմ։ Նա նշել է, որ COVID-19-ի դեմ պատվաստման աննախադեպ տեմպերի շնորհիվ երկրում համաճարակային իրավիճակը մի փոքր հանգստացել է, բայց Ճապոնիան բախվում է կորոնավիրուսի օմիկրոն շտամի սպառնալիքին։ Վարչապետը նաեւ ընդգծել է, որ երկրի իշխանություններն այսուհետ եւս առաջնահերթ ուշադրություն են հատկացնելու վիրուսի դեմ պայքարին եւ տնտեսության աջակցմանը։
Նոյեմբերին Կիսիդան տեղեկացրել էր, որ երկիրը փակում է սահմանները օտարերկրացիների համար աշխարհում COVID-19-ի օմիկրոն շտամի տարածման պատճառով։ Նա հայտարարել էր, որ մուտքի արգելքը գործում է նոյեմբերի 30-ից եւ վերաբերում է բոլոր օտարերկրացի քաղաքացիներին։ Նշվում է, որ ծայրահեղ միջոցը կգործի մինչեւ այն պահը, երբ հաջողվի պարզել ամբողջ ինֆորմացիան վիրուսի նոր տարբերակի մասին։



























