Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին խոստացել է առավելագույն չափով օգտագործել միությունից թագավորության դուրս գալու (Brexit) հնարավորությունները։ Քաղաքական գործչի դիմումը հրապարակվել է բրիտանական պետական gov.uk պորտալում։
Ջոնսոնը նշել է, որ 2022թ. հունվարի 1-ին լրանում է ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ Առեւտրի եւ համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելու մեկ տարին։ Այդ ժամանակվանից բրիտանական կառավարությունը արդեն մի շարք արդյունավետ միջոցներ է ձեռնարկել, մասնավորապես՝ սահմանել է ներգաղթի նոր համակարգ՝ հիմնված բալերի վրա։ Մեծ Բրիտանիան նաեւ պատվաստման ամենաարագ արշավն է իրականացրել, ասվում է փաստաթղթում։
Ջոնսոնն ընդգծել է, որ իշխանությունների նպատակն է՝ այսուհետ եւս Brexit-ն օգտագործել այնպես, որպեսզի Բրիտանիան կարողանա բարգավաճել որպես արդիական, դինամիկ եւ անկախ երկիր։
Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս եկավ Եվրամիությունից 2020թ. փետրվարի 1-ին։ Կողմերը պայմանավորվեցին մինչեւ տարեվերջ անցումային շրջանի մասին, որի ժամանակ Միացյալ Թագավորությունում շարունակում էր գործել ԵՄ օրենքների մեծ մասը։ Եթե Լոնդոնը եւ Բրյուսելը չհասցնեին առեւտրի մասին նոր համաձայնագիր կնքել մինչեւ դեկտեմբերի վերջ, Մեծ Բրիտանիան կդադարեր լինել ընդհանուր եվրոպական շուկայի մաս, ինչը կհանգեցներ մաքսային սահմանների ներդրման երկրի եւ ԵՄ-ի միջեւ։ Անցումային շրջանն ավարտվեց 2021թ. հունվարի 1-ին։



























