Շաբաթ օրը Շվեյցարիայում ուժի մեջ է մտել սեռը եւ անունը փոխելու ընթացակարգը զգալիորեն հեշտացնող օրենսդրությունը։ Դրա համար երկրի քաղաքացիներին այժմ միայն անհրաժեշտ է դիմում ներկայացնել իշխանություններին եւ 75 ֆրանկ վճարել։ Որեւէ բժշկական տեղեկանք կամ այլ նախապայմաններ չեն պահանջվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Խորհրդարանը օրենսդրության համապատասխան փոփոխությունները կատարել է 2020 թվականի դեկտեմբերին, իսկ 2021 թվականի հոկտեմբերին կառավարությունը (Դաշնային խորհուրդը) որոշել է դրանք ուժի մեջ մտցնել 2022 թվականի հունվարի 1-ից։ Դաշնային խորհուրդը պարզաբանել է, որ քաղաքացիներն այժմ իրավունք ունեն «պարզ եւ արագ ընթացակարգի միջոցով փոփոխել սեռը եւ անունը՝ քաղաքացիական կացության վարչություն դիմում ներկայացնելու ճանապարհով»: Նման հայտարարություն «կարող է ներկայացնել ցանկացած քաղաքացի, ով ներքին վստահ համոզմունք ունի, որ ինքը չի պատկանում քաղաքացիական կացության ակտում նշված սեռին»։ Եթե սեռը եւ անունը փոխել ցանկացողը 16 տարեկանից փոքր է, ապա նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունը կպահանջվի։

Կառավարությունը պարզաբանել է, որ քաղաքացիական կացության ակտում սեռի հետ կապված փոփոխությունների կատարումը որեւէ կերպ չի առնչվում ընտանեկան իրավունքին, ներառյալ ազգակցական կապերի եւ ամուսնության գրանցմանը։ Ընդ որում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում կարող է նշվել միայն իգական կամ արական սեռը։ Այս պահին սեռը փոխել ցանկացողների համար գենդերային երրորդ տարբերակ նախատեսված չէ, ինչպես նաեւ սեռը նշելուց հրաժարվելու հնարավորություն չկա։

2022 թվականին Շվեյցարիայում միասեռ զույգերը լիարժեք ամուսնության իրավունք կունենան՝ համապատասխան օրենսդրությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։ 2021 թվականի սեպտեմբերին երկրում անցկացված հանրաքվեի ժամանակ քաղաքացիների 64,5%-ը կողմ է արտահայտվել միասեռ ամուսնությունների օրինականացմանը։

2007 թվականից Շվեյցարիայում երկու տղամարդուց կամ երկու կանանցից բաղկացած զույգերը գրանցված գործընկերության մեջ մտնելու օրինական իրավունք ունեն: Սա նրանց տվել է մի շարք նույն իրավունքները, որոնք ունեն հետերոսեքսուալ ամուսնական զույգերը, մասնավորապես ժառանգության, կենսաթոշակային ապահովման եւ մի զուգընկերոջ կողմից մյուսի երեխայի որդեգրման ոլորտներում: Նրանք, սակայն, միասին երեխաներ որդեգրելու, ինչպես նաեւ Շվեյցարիայում արհեստական բեղմնավորման բժշկական կենտրոնների ծառայություններից օգտվելու իրավունք չունեին։ Նոր օրենսդրությունը նրանց կտա այս իրավունքները։ Բացի այդ, եթե նույն սեռի ամուսիններից մեկը չունի շվեյցարական անձնագիր, ապա այժմ ամուսնությունից հետո նա կկարողանա օգտվել շվեյցարական քաղաքացիության հեշտացված ձեռքբերման հնարավորությունից: Գրանցված գործընկերությունը, համաձայն նոր կանոնների, կարող է վերածվել օրինական ամուսնության։