Մոտ ապագայում Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկխոսության գործընթացում որոշակի անակնկալներ տեղի կունենան: Այս մասին այսօր`հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը` կանխատեսում անելով երկխոսության արդյունքների վերաբերյալ:
«Առաջին հերթին այս գործընթացը միտված կլինի նոր մշակույթի եւ այնպիսի մթնոլորտի ձեւավորմանը, որը թույլ կտա անցկացնել այնպիսի ընտրություններ, որի ժամանակ պարտվող քաղաքական ուժը կշնորհավորի հաղթող քաղաքական ուժին»,- փակագծերը բացեց իշխանական պատգամավորը:
Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս` ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը հոռետեսորեն է տրամադրված երկխոսության գործընթացի նկատմամբ: Ըստ նրա, ՀԱԿ-իշխանություն բանակցությունների նպատակն իշխանությունների վերարտադրությունն ապահովելն է: «Դրա մեջ լուրջ բան մի փնտրեք, ընդամենը ժամանակ են փորձում շահել: Եւ հետո` ի՞նչ է նշանակում բանակցություն: Այդ բառը եթե ստուգաբանենք, դրա հիմքում «բան» խոսքն է: Է, բան պիտի ունենաս, որ տանես կցես ուրիշի բանին, ինչի՞ հետեւից եք ընկել»,-հեգնեց Անտինյանը:
Հարցին, թե վտանգ չկա՞, որ ՀԱԿ-ն այսպիսով կկորցնի իր ընտրազանգվածը, Անտինյանն արձագանքեց. «Նայած, թե իր առաջ ինչ խնդիր է դրել այդ քաղաքական ուժը»: «ՀԱԿ-ն իշխանության գալու խնդիր չի դրել: Մարդն ասաց (նկատի ունի ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանին. խմբ.), ավելի լավ ա դուք (իշխանությունը-խմբ.) լեգիտիմ ընտրվեք, քան մենք գանք իշխանության: Դրանցի պարզ էլ ի՞նչ ասեն»,-նկատեց ՀՌԱԿ ատենապետը: Հակադարձելով իր ընդդիմախոսին` Արտակ Դավթյանը հայտարարեց, թե յուրաքանչյուր ուժ, այդ թվում եւ ՀՌԱԿ-ը, իր առջեւ խնդիր է դնում գալ իշխանության, այլապես այդ ուժի գործունեությունն ինքնանպատակ կլինի:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ի նպատակը երկրում ազատ ու արդար ընտրությունների անցկացում ապահովելն է, այլ ոչ անպայման իշխանության հասնելը եւ եթե արդար ընտրություններում ներկա իշխանությունն ընտրվի, իրենք դա կողջունեն:




























