Քրդական Firat գործակալության տարածած տեղեկությունը, թե հուլիսի 14-ին Դիարբեքիրի Սիլվանի շրջանում թուրքական զինուժերի եւ քուրդ զինյալների միջեւ բախման հետեւանքով սպանված թուրք զինվորականները սպանվել են թուրքական ռազմական օդանավերի ռմբակոծության հետեւանքով, իրարանցում են առաջացրել Թուրքիայում։

Firat գործակալության թղթակցի հետ զրույցում, իր անունը չհայտնած գյուղական պահապաններից մեկը նշել է, թե բախումները 2 տարբեր տեղերում են եղել։  «Կեսօրից հետո ռազմական օդանավերն սկսեցին ռմբակոծել այն հատվածը, որտեղ փոխհրաձգության մեջ էին գտնվում թուրք զինվորականներն ու քուրդ զինյալները։  Ռմբակոծության հետեւանքով, հրդեհ է բռնկվել, որի արդյունքում էլ մահացել են թուրք զինվորականները։ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվել է, թե ձեռքի նռնակներ նետելու հետեւանքով է հրդեհ բռնկվել։ Գնացեք եւ ստուգեք, որ ձեռքի նռնակով նման հրդեհներ չես առաջացնի։  Բացի այդ, գործողությունների ընթացքում զինվորականներն իրար կողք-կողք չեն քայլում։ Նրանք ամենաքիչը միմյանցից 20 մետր հեռավորության վրա են քայլում։  Ձեռքի նռնակի պատճառով սկիզբ առած հրդեհից միանգամից 13 զինվոր չէր մահանա։ Եթե հարկ լինի, մենք  պատրաստ ենք վկայություն տալ»-ասել է բախմանն ականատես գյուղի պահապաններից մեկը։
Նշվում է, որ բախման ընթացքում սպանված 2 քուրդ զինյալների դիակները եւս ամբողջովին այրված են եղել, սակայն դիակների վրա փամփուշտի հետքեր չեն եղել։

Նշենք, որ հուլիսի 14-ին Դիարբեքիրի Սիլվանի շրջանում թուրք զինվորականները որոնողական գործողությունների ընթացքում բախվել են քուրդ զինյալների հետ։ Բախման ընթացքում սպանվել է 13 թուրք զինվորական, որոնցից 3-ը եղել են պայմանագրային սերժանտներ, իսկ 10-ը՝ հատուկ նշանակության զորքերի մարտիկներ։  Վիրավորված 6 թուրք զինվորականներից 2-ը տեղափոխվել են Ստամբուլ, իսկ 4-ը՝ Դիարբեքիրի զինվորական հիվանդանոց։