Աֆղանստանում հայտարարել են, որ ստեղծվելու է մահապարտների գումարտակ, որը կդառնա ապագա բանակի մի մասը, գրում է The Khaama Press-ը։

Տեղեկատվության եւ մշակույթի նախարարի տեղակալ եւ «Թալիբանի» մամուլի քարտուղար Զաբիուլա Մուջահիդը տեղեկացրել է, որ գումարտակը լինելու է իրենց հատուկ ուժերի մի մասը եւ գործելու է պաշտպանության նախարարությանը կից։

Զաբիուլա Մուջահիդը հայտարարել է, որ գումարտակն օգտագործվելու է հատուկ գործողությունների ժամանակ։

Մուջահիդը նաեւ տեղեկացրել է, որ կանայք կհավաքագրվեն անհրաժեշտության դեպքում, ապագա բանակում տեղ կունենան նաեւ նախկինում ծառայած մասնագետները։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ աշխատում են բանակի ստեղծման վրա, որը կունենա 100 000 մարդ եւ որը լիովին սպառազինված կլինի։

Ըստ տեղեկությունների՝ պաշտպանության նախարարությունը ահաբեկիչ մահապարտներ է ուղարկել Տաջիկստանի հետ Աֆղանստանի հյուսիսային սահման, բայց պաշտոնապես այս լուրը չի հաստատվել։