Ղազախստանի կառավարական հանձնաժողովի անդամները Աքթաուում հանդիպել են ցուցարարներ հետ եւ հնչեցրել նախաձեռնող խմբի հետ բանակցությունների ընթացքում ընդունված որոշումները, տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը։

«Կառավարական հանձնաժողովը հանդիպել է ակտիվիստների հետ, որոնք հավաքվել էին Աքթաու քաղաքի Իթիմակ հրապարակում։ Հանդիպման ժամանակ հնչեցվել են Աքթաու քաղաքի նախաձեռնող խմբի հետ բանակցությունների ընթացքում ընդունված որոշումները, այն է՝ հեղուկացված գազի գնի իջեցում եւ մեկ լիտրը 50 թենգե գնի սահմանում Մանգիսթաու շրջանում»,- ասվում է հաղորդագրությունում։

Նաեւ տրվել են երաշխիքներ, որ պատասխանատվության չեն ենթարկվի այն անձինք, որոնք գտնվում են հրապարակում։ Կողմերը պայմանավորվել են ծագող հարցերը լուծել կառուցողական երկխոսությամբ եւ գործող օրենսդրության շրջանակում, ասվում է հաղորդագրությունում։

Ղազախստանի արեւմուտքում հունվարի 2-ից չեն դադարում չարտոնված հանրահավաքները հեղուկացված գազի գնի բարձրացման դեմ, որը Նոր տարում 60-ից հասել է մեկ լիտրը 120 թենգեի։ Մասնակիցները վանկարկում էին «Գազ 50»՝ պահանջելով, որպեսզի երկնագույն վառելիքի արժեքն իջեցվի մինչեւ մեկ լիտրը 50 թենգե, այլ ոչ թե 80-90, ինչպես խոստացել էր կառավարությունը։ Ղազախստանի մի շարք քաղաքներում հունվարի 4-ին մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ աջակցելու ցուցարարներին արեւմուտքում։ Բացի գազի գների իջեցումից՝ մարդիկ նաեւ սկսել են առաջ քաշել ժողովրդի բարեկեցության բարելավման, կառավարության հրաժարականի եւ այլ պահանջներ։