Նյու Յորքի դատախազը սեռական բնույթի հանցագործությունների կատարման մեղադրանք չի ներկայացնի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոյին՝ հայտարարելով, որ չի կարող ապացուցել հանցակազմը, տեղեկացնում է Reuters-ը։
Օլբանի օկրուգի դատավոր Դեւիդ Սոարեսը երեքշաբթի հայտարարել էր, որ իր գրասենյակը հետաքննել է Կուոմոյի նախկին օգնականուհի Բրիթանի Կոմիսոյի ներկայացրած բողոքը՝ համարելով, որ նա «պատրաստ է համագործակցել եւ արժանի է վստահության»։
«Ես, ինչպես եւ Նյու Յորքի բնակիչների մեծ մասը, նախկինի պես խորապես անհանգստացած եմ այստեղ հնչող մեղադրանքներից։ Այդ վարքագիծը տեղ չունի կառավարությունում կամ ցանկացած այլ աշխատավայրում»,- ասվում է հայտարարությունում։
Կուոմոն, որը Նյու Յորքի նահանգը ղեկավարել է տասը տարի, պաշտոնաթող է եղել օգոստոսին հետաքննությունից հետո, որով պարզվել է, որ նա սեռական ոտնձգություններ է կատարել 11 կանանց նկատմամբ, որոնց մեծ մասը նահանգի ծառայողներ էին։
Կոմիսոն, որն այն ժամանակ Կուոմոյի օգնականն էր եւ մոտ 30 տարեկան, պատմել է, որ 64-ամյա Կուոմոն անընդունելի պահվածք է ցուցաբերել 2020թ. Օլբանիի Գործադիր առանձնատանը՝ որոշ անախորժ մանրամասներ ներկայացնելով։
Ինքը՝ Կուոմոն, հայտարարել է, որ երբեք ոչ մեկին չի դիպել աննպարկեշտ ձեւով եւ որ բարեհամբույր պետ լինելու իր փորձերը կարող էին ընկալվել որպես սիրախաղ։
Հոկտեմբերին Օլբանի օկրուգի շերիֆ Քրեյգ Էփլը դատարան ներկայացրեց հայտարարություն, որում մեղադրում էր Կուոմոյին բռնի շոյանքների մեջ։
Բողոքն, ըստ երեւույթին, հանկարծակիի բերեց անգամ դատախազին, որը խնդրեց Կուոմոյի առաջին դատական նիստը տեղափոխել հունվարի 7-ին՝ հայտարարելով, որ շերիֆը գործել է միակողմանի կարգով։
Կոմիսոյի փաստաբան Բրայան Փրեմոն Albany Times Union թերթին, որն առաջինն է տեղեկացրել օկրուգային դատավորի որոշման մասին, նշել է, որ մտադիր է քաղաքացիական հայց ներկայացնել Կուոմոյի դեմ։



























