Չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան ենթադրաբար բալիստիկ հրթիռ է արձակել Կորեական թերակղզու արեւելյան ջրերի ուղղությամբ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի կողմից երկրի ռազմական հզորությունը մեծացնելու խոստումից ընդամենը մեկ շաբաթ անց, հաղորդում է Fox News-ը:

Հարավկորեական եւ ճապոնական զինվորականների հաղորդմամբ՝ արձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի վաղ առավոտյան: Պարզ չէ, թե որտեղ է ընկել ենթադրյալ հրթիռը եւ արդյոք այն վնաս է հասցրել: 

«Մենք ցավում ենք, որ Հյուսիսային Կորեան շարունակում է հրթիռներ արձակել անցյալ տարվանից»,-լրագրողներին ասել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ 

Անցյալ շաբաթ Կիմ Չեն Ընը իշխող Աշխատավորների կուսակցության Կենտրոնական կոմիտեի նիստում խոստացել էր մեծացնել երկրի ռազմական հզորությունը։