Նավթի գները թեթեւակի փոխվում են չորեքշաբթի ասիական աճուրդների ընթացքում՝ երեքշաբթի օրվա կտրուկ աճից հետո, որն առաջ էր եկել ՕՊԵԿ+-ի՝ նավթարդյունահանումը փետրվարին օրական 400 հազար բարելով ավելացնելու պլանը պահպանելու որոշմամբ պայմանավորված, տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում չորեքշաբթի առավոտյան կազմում էր մեկ բարելը 80,06 դոլար, ինչը 0,06 դոլարով (0,08 տոկոսով) բարձր է նախորդ ցուցանիշից։ Երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերը թանկացել են 1,02 դոլարով (1,3 տոկոս)՝ մեկ բարելը 80,00 դոլար։

WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում այդ ընթացքում կազմել էր մեկ բարելը 77,01 դոլար, ինչը 0,02 դոլարով (0,03 տոկոսով) բարձր է նախորդ նիստի ամփոփիչ մեծությունից։ Երեքշաբթի աճուրդների փակման պահին այդ պայմանագրերի արժեքը ավելացել էր 0,91 դոլարով (1,2 տոկոս) եւ կազմել մեկ բարելը 76,99 դոլար։

ՕՊԵԿ+-ի նախարարները հունվարյան հանդիպման արդյունքներով որոշում են կայացրել պահպանել մինչ այդ ընդունված՝ փետրվարի նավթարդյունահանման պլանը, չնայած պրոֆիցիտի կանխատեսումներին շուկայում եւ կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի տարածմանը։

ՕՊԵԿ+-ի հաջորդ նիստը նախատեսված է փետրվարի 2-ին։

Նավթի նոր մատակարարումները ՕՊԵԿ+-ի կողմից «արտադրող երկրների խմբի կոնսենսուսի» ազդանշան են հանդիսանում, որ նավթի պահանջարկը կշարունակի ավելանալ, չնայած որոշ սահմանափակումներին՝ պայմանավորված օմիկրոնով», կարծում է Փիթեր Մաքնելին Third Bridge-ից։

Նավթի ամերիկյան ինստիտուտը (American Petroleum Institute, API) երեքշաբթի երեկոյան տեղեկացրել էր, որ նավթի պաշարներն ԱՄՆ-ում մեկ շաբաթում, որն ավարտվել էր դեկտեմբերի 31-ին, պակասել են 6,4 մլն բարելով, վկայում են աղբյուրները։ Քուշինգի տերմինալում, որտեղ պահվում է NYMEX սակարկվող նավթը, պահուստներն ավելացել են 2,3 մլն բարելով։

Պաշարների մասին պաշտոնական տվյալները կհրապարակվեն չորեքշաբթի, եւ S&P Global Platts-ի հարցման ենթարկված վերլուծաբանները սպասում են, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարության հաշվետվությունը կմատնանշի նավթի պաշարների պակասումը 4,4 մլն բարելով։