Ավստրալիան եւ Ճապոնիան մտադիր են համաձայնագիր ստորագրել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման համար երկու երկրների կառավարությունների ղեկավարների վիրտուալ գագաթնաժողովի ժամանակ, որը կանցկացվի հունվարի 6-ին։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Տոկիոն եւ Կանբերան համաձայնագիր կստորագրեն, որը կսահմանի երկու երկրների պաշտպանական ուժերի համագործակցության շրջանակը։ «[Համաձայնագիրը] նոր գլուխ կբացի Ավստրալիայի եւ Ճապոնիայի միջեւ պաշտպանական համագործակցության մեջ եւ կօգնի մեզ դիմակայել նոր մարտահրավերներին <…> հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում», - ասել է Մորիսոնը մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավստրալիայի կառավարության ղեկավարը նշել է, որ խոսքը, այսպես կոչված, փոխադարձ մուտքի համաձայնագրի մասին է, որը իրավական դաշտ կստեղծի, որը թույլ կտա երկու երկրների զինծառայողներին փոխայցելություններ կատարել՝ համատեղ վարժանքներ կամ պատրաստում անցկացնելու նպատակով։ «Այս համաձայնագիրը կլինի իր տեսակի մեջ Ճապոնիայի կողմից կնքված միակ համաձայնագիրը, որը վկայում է [մեր երկրների միջեւ] վստահության եւ գործընկերության բարձր մակարդակի մասին, որը կոչված է ապահովելու հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունը եւ ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը», ասել է վարչապետը։
Հաղորդվում է նաեւ, որ վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում Ավստրալիայի եւ Ճապոնիայի վարչապետները նախատեսում են քննարկել գործընկերության ամրապնդումը «մաքուր էներգիայի, նոր տեխնոլոգիաների եւ նյութերի» ոլորտում։





























