Հայաստանյան ՀԿ-ների 43 ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում օրեցօր աճող ինքնասպանությունների առթիվ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ակնհայտ է, որ այսօր ինքնասպանությունները երիտասարդացման միտում ունեն:

Եթե նախկինում ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ կատարողները հասուն տարիքի ներկայացուցիչներ էին, ապա այսօր այդպիսի փորձ կատարողների մեջ գերակշռում են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Ի տարբերություն հասուն տարիքի ներկայացուցիչների, ովքեր ինքնասպանության դիմում են հիմնականում սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով, երիտասարդներն ավելի ընկալունակ են արտաքին  անբարենպաստ ներգործությունների հանդեպ:

Հասարակության մեջ առկա համամարդկային արժեքների ձեւախեղումները, մասնավորապես` բարոյականության, արդարության, հավասարության մասին պատկերացումների աղճատումները, ինչպես նաեւ ազգային արժեքների անտեսումը նպաստում են երիտասարդների հասարակությունից օտարանալուն:

Մեր կարծիքով այս ամենին նպաստում են լրատվամիջոցները. հեռուստատեսությամբ հեռարձակվող բազմասերիանոց ֆիլմերը, հաղորդաշարերը, այդ թվում նաեւ լուրերով /տպագիր, հեռուստատեսային եւ ինտերնետային/ մատուցվող ինքնասպանության դեպքերի լուսաբանումները եւ մեկնաբանությունները»,- ասված է հայտարարության մեջ:

Այնուհետեւ հայտարարության հեղինակները «պահանջում են».

«1. լրատվամիջոցների պատասխանատու մարմիններին ուշադրություն դարձնել
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ
կետի պահանջներին. համաձայն որի անթույլատրելի է «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, որոնք կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ին:

2. ՀՀ հանրային խորհրդից` ուշադրություն դարձնել բարձրացված հարցին եւ ակնկալում ենք համապատասխան կանխարգելիչ քայլեր»: