Բիշքեկում «Սպիտակ տան» մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում Ղրղզստանի զինծառայողների` Ղազախստան ուղարկելու դեմ։ Այս րոպեներին խորհրդարանը սկսում է քննարկել Ղազախստանում ստեղծված իրավիճակը, որից հետո պետք է որոշում կայացնի ՀԱՊԿ առաքելությանը Ղրղզստանի մասնակցության մասին, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ղրղզական ծառայությունը։

Ցուցարարները կարծում են, որ Ղազախստանի իրադարձությունները ներքաղաքական խնդիր են, որին Ղրղզստանը չպետք է մասնակցի։ Նրանք պահանջում են նաեւ, որպեսզի Ղրղզստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։

«Մեր ամենակարեւոր պահանջը Ղրղզստանի զինվորականներին Ղազախստան չուղարկելն է։ Նախ, Ղազախստանի վրա ագրեսորներ չեն հարձակվել։ Երկրորդ՝ Ղազախստանի ժողովուրդն ինքը պետք է լուծի իր ներքին հարցերը։ Երրորդ, ղազախները մեր եղբայրներն են, ուստի մեր զինվորականները չպետք է գնան այնտեղ եւ զենք օգտագործեն նրանց դեմ», - ասում է ցույցի մասնակից Ուրմատ Նասիկուլովը:

Այսօր Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղար Էրբոլ Սուլթանբաեւը հայտարարել է, որ խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում Ղրղզստանի զինվորականները հավաքական ուժերի կազմում կուղարկվեն Ղազախստան բացառապես խաղաղապահ գործունեության համար։ Նրա խոսքով` խաղաղապահները կներգրավվեն ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանության ապահովման գործում։

«Մենք նշում ենք, որ Ղրղզստանի զինծառայողները Ղազախստանում ցույցերի մասնակիցների հետ որեւէ գործողության չեն մասնակցի»,- ասել է Սուլթանբաեւը։