Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` հուլիսի 15-ին Գարեգին Բ-ն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Անդրանիկ» սկաուտական բանակումի 150 մասնակիցներին` Հայաստանից, ԱՄՆ-ից եւ Սիրիայից:

«Մեզ համար հաճելի է տեսնել, որ ՀԲԸՄ-ն այսպիսի գեղեցիկ մի նախաձեռնություն է իրականացնում, որ արդեն ավանդույթ է դարձել, եւ ամեն տարի մեր սիրելի հայորդիք որպես սկաուտներ գալիս են Հայաստան` նորոգելու իրենց ազգային ինքնությունը` հաղորդակցությամբ հայրենական սրբությունների եւ հայրենիքի հետ»,- ասել է Գարեգին Բ-ն:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման վերջում Գարեգին Բ-ն զրուցել է սկաուտների հետ նրանց առօրյայից, ապա բարի եւ հաջող կեցություն մաղթել երիտասարդներին հայրենիքում:

Հանդիպմանը ներկա է եղել ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը: