Այսօր` հուլիսի 15-ին Երեւանում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջեւ:

Հուշագիրը ստորագրել են խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը եւ ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան:

Փոխըմբռնման հուշագիրը վերահաստատում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՀՀ կառավարության համագործակցությունը` երիտասարդական համապարփակ ազգային պլատֆորմի ստեղծման նպատակով, որը հնարավորություն կտա գործակցելու երիտասարդությանն առնչվող այնպիսի հարցերի ուղղությամբ, ինչպիսիք են ժողովրդագրական, զբաղվածության, կրթության եւ բնակարանային պայմանների բարելավման խնդիրները, ինչպես նաեւ հստակեցնելու ապագայի նկատմամբ երիտասարդ քաղաքացիների ակնկալիքներն ու ձգտումները:

Համագործակցության շրջանակներում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կաջակցի ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդին Երիտասարդության ազգային նոր զեկույցի մշակման գործում: