NEWS.am-ի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ  ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ստիպված է եղել հրաժարվել իր բիզնես պրոյեկտներից մեկից, քանի որ չի կարողացել դիմանալ մրցակցությանը: Խոսքը Ծաղկաձորում կառուցվող հանգստյան տան մասին է, որի շինարարական աշխատանքները Կոտայքի մարզպետն այդպես էլ չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ, ըստ տեղեկությունների,  գործին կեսից խառնվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` «իրենով անելով» նոր հանգստյան տան կառուցումը:  Ինչպես հայտնի է` նա է տնօրինում ծաղկաձորյան հանգստյան տների բիզնեսը. նրան է պատկանում Ծաղկաձորում ամենամեծ` «Մուլտի Ռեսթ Հաուս» հանգստյան տունը: Ուստի, Շահգալդյանին հասկացրել է, որ ավելի լավ է իրեն զիջի նոր կառուցվող հանգստյան տունը, քանի որ, միեւնույն է` չի կարողանալու աշխատեցնել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, Շահգալդյանը հայտարարեց, թե Ծաղկաձորում որեւէ նման  բիզնես նախագիծ չի իրականացրել եւ Գագիկ Ծառուկյանն էլ, բնականաբար, իր ձեռքից այն չի խլել: Մարզպետը հավաստիացրեց, որ Ծաղկաձորում իր ունեցածն ընդամենը  խորհրդային ժամանակներում կառուցված  «Արմավտո» գործարանն է, դա էլ, սակայն, ամբողջությամբ իրեն չի պատկանում:  «Այդ կիսակառույցը ոչ թե Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանինն է, այլ Չարենցավանի «Արմավտո» բաժնետիրական ընկերության սեփականությունն է:  Ես ընդամենը  «Արմավտո» ԲԲԸ-ի բաժնետերերից եմ:  2007-ից պատվերների կրճատման պատճառով ձեռնարկությունը չի աշխատում. բնականաբար, միջոցներ չեն կարողանում տրամադրել կառույցն ավարտին հասցնելու համար»,-նշեց Շահգալդյանը: 

Նա նաեւ հայտարարեց, թե  բիզնեսի առումով, Ծաղկաձորում հանգստյան տները կամ հյուրանոցները եկամտաբեր չեն:  Հետեւապես ինքը շահագրգռված չէ Ծաղկաձորում նմանատիպ բիզնես սկսել: Կոտայքի մարզպետը  միաժամանակ չթաքցրեց, որ այլ բիզնես ունի, սակայն չնշեց, թե ինչ բիզնեսի մասին է խոսքը: «Բիզնես ունեմ, տվել եմ հավատարմագրային կառավարման: Առանց բիզնեսի այս երկրում ո՞նց կլինի ապրել»,-տարակուսեց նա: