Հայաստանում մի տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Պետական պաշտոնյաներն ասում են, թե ծիրանը շատ է, արտահանումն էլ աճում է, իսկ մասնագետներն ընդհակառակը` պնդում են, որ այս տարվա բերքը միջինից ցածր է: Բացի այդ էլ` ծիրանի գինը շուկայում սովորականից բարձր է:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի տվյալներով` այս տարի կունենանք միջինից բարձր բերք, արտահանվել է արդեն 7 հազ. տոննա ծիրան, առաջիկա 20 օրերին կարտահանվի եւս 2-3 հազ. տոննա: Նշենք սակայն, որ նախարարի լավատեսության մեջ որոշ չափազանցություն կա: Նախալեռնային ոչ բոլոր գոտիներում է, որ ծիրանը բերք է տվել: Օրինակ` Գառնիի տարածաշրջանում, որը ծիրանի արտադրության կենտրոններից է, գրեթե ծիրան չկա:

Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանն էլ վերջերս մամուլի ասուլիսում հայտարարեց, թե պահպանվել է ծիրանի բերքի միայն 25-30 տոկոսը:

Թե ով ինչ է հասկանում «ծիրանի միջին բերք» ասելով` դժվար է գուշակել: Ինչպես նաեւ հնարավոր չէ ճշգրտորեն հաշվարկել, թե իրականում որքան բերք է հավաքվում: Այն պարզ պատճառով, որ գյուղացիական տնտեսությունները որեւէ մեկին հաշվետվություն չեն տալիս, թե որքան միրգ հավաքեցին եւ ինչպես օգտագործեցին: Ամեն ինչ հիմնված է համայնքի ղեկավարների մոտավոր գնահատականների վրա, իսկ դա, հասկանալի պատճառներով, օբյեկտիվ չէ:

Նշենք, որ Հայաստանում վերջին տարիներին ծիրանի լավ բերք է համարվում գոնե 80 հազ. տոննան, թեեւ որոշ տարիներին բերքատվությունը գերազանցել է 100 հազ. տոննան: Ասում ենք «վերջին տարիներին», քանի որ մինչեւ 2000-ական թվականների կեսերը Հայաստանում ծիրանի այգիների ոչնչացման միտում էր նկատվում: Իսկ լավագույն տարիներին Հայաստանը կարողանում էր մոտ 200 հազ. տոննա ծիրան հավաքել:

Ըստ վերջին տվյալների` Հայաստանում ծիրանի այգիները մոտ 12 հազ. հա են` կրկնակի քիչ, քան` խորհրդային շրջանում: Գյուղացիները ներկայումս այնքան էլ պատրաստակամ չեն ծիրանի այգիներ տնկելու առումով, քանի որ անբերրի տարիների պարբերականությունը շատ է ավելացել: Եթե նախորդ տասնամյակներում անբերրիություն էր լինում 2-3 տարին մեկ անգամ, ապա վերջին տասնամյակում միայն 3 տարին մեկ է նորմալ բերք հավաքվում: Այդ պատճառով կայուն եկամտի ձգտող գյուղացին ցանկանում է ծիրանի փոխարեն այլ մշակաբույսեր ցանել:

Միջոցներից մեկը, որ գյուղացուն կարող է ստիպել չհրաժարվել ծիրանի մշակումից` մթերման բարձր գինն է: Գուցե ծիրանի բարձր գինը սոցիալական որոշ խնդիրներ է հարուցում, սակայն դա միակ տարբերակն է ծիրանի մշակությունը զարգացնելու համար: Եթե գյուղացին ծիրանը վաճառի կգ-ը 100 դրամից պակաս` նրա մոտ կվերանա խթանը: Չմոռանանք, որ ծիրանենին բավական ուշ է մտնում բերքատվության շրջան, ի տարբերություն այլ մրգատուների, 6-7 տարի պետք է սպասել, մինչեւ ծառը մտնի առեւտրային օգտագործման շրջան:

Անշուշտ` հայ գյուղացին ծիրանի սորտերը թարմացնելու, ծիրանի արտադրությունը արդյունաբերական ռելսերի վրա տեղափոխելու խնդիր ունի: Այստեղ շատ կարեւոր է պետության աջակցությունը, ու որոշ ծրագրեր այս ուղղությամբ կատարվում են: Սակայն, ըստ երեւույթին, մեզ պետք է մշակել ծիրանի արտադրությունը խթանելու ավելի հիմնավոր ու ռազմավարական ծրագիր, եթե չենք ցանկանում մի քանի տասնամյակ հետո կորցնել մեր հիմնական ազգային բրենդը:

 

Սամվել Ավագյան