Ավստրիայի կառավարությունը չի պատրաստվում հրաժարվել այս տարվա փետրվարին կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում մտցնելուց։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը Մամուլի ավստրիական գործակալության հարցազրույցում։
Նրա խոսքով՝ պարտադիր պատվաստման մասին օրինագծի խորհրդարանական փորձաքննությունն ավարտվել է, մնացել է անհրաժեշտության դեպքում «հղկել» փաստաթուղթը՝ հաշվի առնելով որոշ առաջարկներ։ «Իմ տեսակետից՝ պարտադիր պատվաստման անհրաժեշտությունը կասկածներ չի հարուցում»,- ասել է Նեհամերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Կանցլերը նաեւ հաստատել է, որ կառավարության պլանը պետք է իրականացվի փետրվարից, չնայած էլեկտրոնային բժշկական քարտի համակարգի հետ կապված տեխնիկական դժվարություններին։
Անցած շաբաթ ELGA էլեկտրոնային բժշկական քարտի ավստրիական պետական պորտալի մասնագետները հայտարարել էին, որ պարտադիր պատվաստում մտցնելը եւ դրա վերահսկումը տեխնիկապես ապրիլից շուտ չի ստացվի։ Բացի այդ, Ավստրիայի առաջատար ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ամենահեղինակավոր եւ ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ Բուրգենլանդ երկրամասի ղեկավար Հանս Փետեր Դոսկոցիլը, հորդորել էր վերանայել կառավարության օրինագիծը օմիկրոն շտամի տարածման պատճառով։ Նա կողմնակից է քովիդի դեմ պատվաստմանը, բայց կարծում է, որ այս տեսքով ներկայացված պարտադիր պատվաստման մասին օրինագիծը թերություններ ունի։
Ավստրիայի կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր 2022թ. փետրվարից կորոնավիրուսի դեմ երկրի բոլոր բնակիչների (սկսած 14 տարեկանից) պարտադիր պատվաստում մտցնելու մասին։ Այս հարկադրյալ միջոցը չարժանացավ ավստրիական հասարակության հավանությանը եւ աննախադեպ զանգվածային բողոքներ առաջացրեց։





























