Այն տեքստը, որ ուղարկվել է ԱԺ քննիչ հանձնաժողովին, ամբողջությամբ համաձայնեցվել է «Հայաստան» հիմնադրամի նախագահի հետ. այնտեղ իմ մասով միայն մեկ պարբերություն էր, որ ես պատրաստակամ եմ գալու: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործման օրինականությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձաժողովի նիստում նշեց «Հայաստան» հիմնադրամի նխագահ Հայկակ Արշամյանը:
«Պարոն Մամիջանյանի այն նկատառմանը, որ կուզեմ կգամ, կուզեմ չէ, այո, ես պաշտոնատար անձ չեմ համարվում եւ իրավունք ունեմ ընդունելու հրավերը քննիչ հանձնաժողովի: Այսինքն դա նշանակում է, որ իրավունք ունեմ նաեւ չընդունելու հրավերը, սակայն հարգանքս ի Ազգային ժողով եւ նաեւ քննիչ հանձնաժողով, եւ ինչպես տեսնում եք՝ ներկա եմ:
Դրա համար, երբ քաղաքական տեքստեր են հնչում, որի իրավունքն ունեք, խնդրում եմ ուղղակի, մի փոքր զգույշ լինեք, որովհետեւ դա անիմաստ պոլեմիկայի է վերածվելու, եւ մեր աշխատանքը կառուցողական չի լինելու»,-ասաց նա:
Ի պտասխան հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանն ասաց. «Սահմանադրական կարգավորումների շրջանակներում խոսքը ոչ թե պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց մասին, այլ ցանկացած պաշտոնատար անձի, որին վերաբերող գործառույթները առնչվում են հանձնաժողովի քննության առարկային: Այդ տեսակետից պատկերացրեք մի վիճակ, երբ, օրինակ, պետական գնումների հարց ենք քննարկում եւ մասնավոր կազմակերպությունը, որը, օրինակ, ապօրինի կերպով վերցրել է մրցույթը, եւ այդ կազմակերպության վերաբերյալ տեղեկություն պետք է ուզենք: Ումի՞ց պետք է ուզենք, ըստ ձեզ, եւ արդյոք պարտավո՞ր է նա տալ այդ տեղեկատվությունը: «Հայաստան» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է եւ այս տեսակետից, թույլ տվեք ձեր հետ չհամաձայնել, պարոն Արշամյան»:





























