Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը` «Ժամանակ»-ն իր վերլուծականում գրում է. «Ի՞նչ են քննարկելու կոալիցիոն պատվիրակության ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական անդամները, ինչպես են իրենց պահելու, ինչ շեշտադրումներ են անելու: Ակնհայտ է, որ այսօր իշխանական ճամբարում ՀՀԿ եւ ԲՀԿ ջրերը բոլորովին էլ նույն առվով չեն հոսում, եւ այդ իմաստով իշխանական պատվիրակությունում ստացվում է որոշակի երկակիություն, երկփեղկում: Նաեւ հենց այդ տեսանկյունից է կարեւոր, որ հստակվի, թե ի վերջո ինչ մանդատով է պատվիրակությունը բանակցելու Կոնգրեսի հետ, կամ իրենց լեզվով ասած՝ աշխատանքային քննարկումներ անցկացնելու: Եվ դա առաջին հերթին անհրաժեշտ է նախ եւ առաջ հենց կոալիցիոն պատվիրակության անդամներին: Խոսքն իհարկե ՕԵԿ-ի մասին չէ, քանի որ այդ կուսակցությունը պատվիրակությունում է ընդամենը ձեւի համար, կամ ամոթի խաթեր, կամ էլ որպես բալաստ՝ անհրաժեշտ պահին դրանից ազատվելու համար:
Թեեւ հնարավոր է իհարկե, որ աշխատանքային քննարկումների ընթացքում ջուր-մուր բերելու անհրաժեշտություն լինի, պատուհան բացելու կամ կոնդիցիոները ուժեղացնելու-թուլացնելու: Սակայն «Բարգավաճ Հայաստանին» օրինակ շատ անհրաժեշտ է, որ պատվիրակության մանդատը հստակեցվի եւ պարզ լինի, թե իրենք ի վերջո ում են ներկայացնում այդ աշխատանքային քննարկումներ-բանակցություններում:
Միգուցե այդ հարցը կուսակցությունը Սերժ Սարգսյանի հետ քննարկել ու ստացել է որոշակի պատասխաններ, սակայն դա երեւի թե շատ քիչ է, քանի որ կա հասարակություն, որի աչքի առաջ է լինելու այդ ամենը, հետեւաբար հանրությունը պետք է հասկանա, թե ԲՀԿ-ն ինչ խաղի կանոն է ընդունել տվյալ պարագայում»:




























