Ադրբեջանում շարունակվում են լրագրողների նկատմամբ բռնությունները: Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, Նախիջեւանի Շաշուրսկիի շրջանի ոստիկաններն ու գործադիր իշխանության ներկայացուցիչները նախօրեին հերթական բռնությունն են գործադրել տեղական լրագրողների նկատմամբ:
Այսպես, Լրագրողների անվտանգության եւ ազատության ինստիտուտի տարածաշրջանային թղթակից Մեհտիեւը գործընկերներին հայտնել է, որ ոստիկանությունն ու տեղական իշխանությունները հոսանքազրկում են իրեն:
Տեղում իրավիճակին ծանոթանալու համար ժամանել են Լրագրողների անվտանգության եւ ազատության ինստիտուտի լրագրողներ ու աշխատակիցներ եւ տեսել են, թե ինչպես է ապամոնտաժվում լրագրողի տան էլակտրասնուցումն ապահովող սյունը: Ամբողջ գործընթացը նրանք լուսանկարել եւ տեսանկարահանել են, սակայն հանկարծակի նրանց վրա հարձակվել են ոստիկանները, ձերբակալել են եւ բռնագրավել նյութերը:
Այս մասին Turan գործակալությանը պատմել է ձերբակալված լրոգրողներից մեկը բջջային հեռախոսով, սակայն խոսակցությունից հետո նրա հեռախոսն անջատվել է: Մինչ այդ լրագրողը հասցրել է ասել, որ ոստիկաններն ուժ են գործադրում` իրենից փորձելով խլել հեռախոսը:




























