Ինչքան էլ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը խոսի ոլորտում իրականացվող բարեփոխումների եւ ճանապարհային ոստիկանների անկաշառության մասին, այնուամենայնիվ ՃՈ ոստիկանները շարունակում են վարորդներից անտեղի գումարներ գանձել, գրում է «Հրապարակ»-ը` շարունակելով. «Երեկ մեր լրագրողները փորձել են հատել Մանկավարժական համալսարանը հարող խաչմերուկը ու շատ զարմացել են, երբ ՃՈ ավտոմեքենան կանգնեցրել է իրենց մեքենան` պատճառաբանելով, թե կարմիր լույսի տակով են անցել:
Իրականում մեքենան վարել են կանաչ լույսի տակ եւ որեւէ խախտում արած չեն եղել: Սակայն ոստիկանները համառ են գտնվել եւ պահանջել են վճարել 3 հազար դրամ, հակառակ դեպքում «սպառնացել են» 30 հազար դրամի ակտ գրել: Լրագրողները, մանր դրամ չունենալով փորձել են բանկոմատ գտնել, որպեսզի հանեն պահանջվող գումարը: Ճանապահային ոստիկանն ասել է. «Տվեք, մենք մանրը կտանք» եւ 20 հազար դրամանոցը վերցնելով` 17 հազարը հետ են վերադարձրել, բայց կտրոն չեն տվել: Սերվիսն ապահովել, փաստորեն, ոստիկանների մոտ ստացվում է, իսկ արդարադատությունն ապահովել` ոչ»,-նկատում է թերթը:



























