Սիրիական Հոմս քաղաքում նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումների արդյունքում առնվազն 30 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է «France-Presse»-ը, նման տվյալներ են ներկայացրել սիրիական իրավապաշտպանները: Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդ խորհրդի ներկայացուցիչ Ռամի Ռահմանի խոսքով` անկարգություններն սկսվել են հուլիսի 17 –ին, այն բանից հետո, երբ անցած շաբաթ առեւանգված Ասադի ռեժիմի երեք կողմակիցների այլանդակված մարմինները հանձնվել են հարազատներին:
Սկզբում կողմերը քարեր են նետել իրար վրա, սակայն հետո գործի է դրվել հրազենը: Սիրիական անվտանգության ուժերը, ըստ իրավապաշտպանների, ոչ մի քայլ չեն ձեռնարկել սպանդը կանխելու համար:
Հիշեցնենք, որ նախագահ Ասադի հրաժարականի պահանջով զանգվածային հանրահավաքները Սիրիայում շարունակվում են մարտից: Ըստ որոշ տվյալների` մի քանի ամսում զոհվել է մոտ 1,5 հազար մարդ:



























