Հայաստանում գնաճը հաշվարկվում է սպառողական զամբյուղով։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը`պատասխանելով մի շարք ծառայությունների եւ ապրանքների գների բարձրացան մասին։

«Հաշվի առնելով այն, որ մեր առջեւ կանգնած համար մեկ խնդիրն աղքատության հաղթահարումն է, դա նշանակում է, որ սպառողական զամբյուղում էական տեսակարար կշիռ ունի սննդամթերքը, առաջին անհրաժեշտության ապրանքների գինը, եւ հենց այս ապրանքների գներն են, որ հիմնականում ազդում են գնաճի ցուցանիշի վրա։ Այդ տեսակետից գնաճի ցուցանիշի վրա էական ազդեցություն է թողնելու իրավիճակը գյուղատնտեսությունում։ Եթե մենք այս տարի գյուղատնտեսությունում ունենանք աճ, ինչը որ մենք այսօր ունենք, դա բնականաբար կբերի գների նվազմանը Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ կան նաեւ ծառայություններ, տարբեր տիպի գներ, որոնց ազդեցությունը գնաճի մակարդակի վրա էական չէ»,-ասել է վարչապետը։

Նա նաեւ անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի վերջերս հրապարակած տվյալներին, որով աղքատության ցուցանիշի աճ է գրանցվել Հայաստանում՝ մոտ 24 տոկոսից վերջին երկու տարվա կտրվածքով հասնելով 30 տոկոսի։ «Մենք բազմիցս հրապարակային հայտարարել ենք, որ ճգնաժամը առաջին հերթին հարվածում է անապահով խավերին։ Բնականաբար՝ դա մեզ մտահոգում է, եւ հենց դա է պատճառը, որ մենք առաջին հերթին, ունենալով ֆինանսական հնարավորություններ, բարձրացնում ենք թոշակները եւ սոցիալական նպաստները, ինչը մենք արեցինք 2009  թվականի ընթացքում, երբ ստիպված եղանք կրճատել բազմաթիվ ծախսեր, ավելացնել բյուջեի դեֆիցիտը, վերցնել աննախադեպ ծավալի արտաքին պարտքեր, եւ այդ միջոցները առաջին հերթին ուղղեցինք նրան, որ պետությունը չկրճատի իր սոցիալական ծախսերը, ի տարբերություն շատ այլ երկրների, որոնք աշխատավարձ էին կրճատում, թոշակ էին կրճատում։ Մենք ոչ միայն չկրճատեցինք մեր սոցիալական ծախսերը, այլ ավելացրեցինք թոշակները եւ սոցիալական նպաստները 10–14 տոկոսով»,-հայտարարել է վարչապետը։