Ցանկացած քաղաքական ուժ պետք է ձեւավորի իր ծրագրերը, իր լիդերներին առաջ պետք է մղի ազնիվ, արդար մրցակցության շնորհիվ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը`«Ազատություն» ռադիոկայանին տված հարզացրույցում` անդրադառնալով այն դիտարկմանը, որ ինքը ոչ միայն ընդդիմության, այլ նաեւ  կոալիցիայի վերնախավում բավական լուրջ ընդդիմախոսներ ունի: «Դա նորմալ է, որ պետք է լինի մրցակցություն, եւ ես այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Պետք է լինի մրցակցություն ոչ միայն կուսակցությունների մեջ, այլ նաեւ կուսակցության ներսում»:

Լրագրողը հարցրել է. «Եվ այդ մրցակցությունը որքանո՞վ է օգնում կառավարությանն իր ծրագրերը եւ քաղաքականությունը իրականացնելիս։ Այսինքն, երբ դուք նախագիծ եք ներկայացնում խորհրդարան եւ այն լուրջ դժվարությամբ է անցնում, երբեմն նաեւ ընդհանրապես չի անցնում, դուք այդ դեպքում ե՞ւս շարունակում եք գնահատել մրցակցությունը: Ի պատասխան, վարչապետն ասել է. «Դա նորմալ երեւույթ է։ Եթե նախագծերում կան խոցելի կետեր, դրանք պետք է դառնան քննարկման առարկա։ Հակառակ դեպքում՝ դուք մեզ կքննադատեիք, որ մենք ստեղծել ենք տոտալիտար համակարգ, չկա քննադատություն, չկան ներքին քննարկումներ, չկան տարբեր տեսակետներ։ Երկու ծայրահեղություններն էլ, կարծում եմ, վատ են»:

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաեւ այս օրերին հնչող տեղեկություններին, ըստ որոնց` ինքը` Տիգրան Սարգսյնանն այցելում է այս կամ այն մարզ, որոշակի քանակությամբ մարդկանց ՀՀԿ անդամատոմսեր  բաժանում, ինչն, ըստ որոշ մեկնաբանությունների, պետական դիրքի չարաշահում է։ «Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը կուսակցության անդամ է, եւ նաեւ զբաղվում է կուսակցական գործունեությամբ, դա պետք է դիտարկվի որպես պաշտոնեական դիրքի չարաշահո՞ւմ։ Համաձայն չեմ այդպիսի գնահատականների հետ»,-արձագանքել է ՀՀ վարչապետը։